Հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը Հայաստան արգելվում է

ՀՀ-ում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն ապրիլի 15-ին ստորագրել է որոշում, որով հանել է մերձավորի հոգեհանգստին կամ թաղմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվությունը։

Նախկինում Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել հանգուցյալի մերձավոր ազգականներին հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով:

Պարետի նոր որոշման համաձայն՝ հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը Հայաստան արգելվում է։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին պարետը որոշում էր ստորագրել, որով արգելվել էր ելումուտը Նորաշեն գյուղ։ Ապրիլի 16-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գյուղում, հուղարկավորության ժամանակ` այլ երկրից ժամանած կորոնավիրուսի հաստատված դրական դեպքի հետ շփում է եղել` խախտելով պարետի ցուցումները։ Նորաշենը փակ կմնա մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը։