Դատախազությունն ուսումնասիրում է Թաթուլ Հակոբյանի գրառումը. լրագրողական համայնքը հայտարարություն կտարածի

«Հայկական ուսումնասիրությունների «Անի կենտրոնի» համակարգող, «Ալիք մեդիայի» լրագրող Թաթուլ Հակոբյանի ահազանգին արդեն ծանոթացել է լրագրողական համայնքն ու անպայման հանդես կգան հայտարարությամբ։

«Գրառումը կարդացել ենք ու լրագրողական կազմակերպություններով առցանց քննարկում ենք կազմակերպել, որը այսօր կկայանա, ու կընդունվի համապատասխան հայտարարություն այս խնդրի վերաբերյալ»,- «Մեդիալաբին» այս մասին ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Հիշեցնենք, որ լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր Հայաստանի լրագրողական համայնքին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին և իրավապահ մարմիններին և Երևանում ԱՄՆ դեսպանությանը՝ նշելով, որ իր Միացյալ Նահանգներ այցը, որն իրականացվում է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, ամերիկահայ 8 կազմակերպությունների և մի շարք անհատների մասնակցությամբ և օժանդակությամբ, անցնում է իր հասցեին հնչող սպառնալիքների, հաշվեհարդարի, անգամ՝ կյանքից զրկելու կոչերով: Լրագրողի համոզմամբ՝ այս արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական շրջանակներից, որի մասին Հակոբյանը խոստացել է մանրամասներ ներկայացնել Երևան վերադառնալուց անմիջապես հետո:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ այս ամենը շարունակությունն է այն անհանդուրժողականության մթնոլորտի, որը սրվել է հատկապես հետպատերազմյան շրջանում, ըստ նրա, սա խոսում է այն մասին, որ մեզանում այդպես էլ չի ձևավորվել քաղաքակիրթ բանավեճի մշակույթ։

«Այն ոչ երկմիտ ակնարկները, որ Թաթուլ Հակոբյանն անում է, ցույց է տալիս, որ սա ինչ-որ քաղաքական շրջանակների կազմակերպած արշավ է, ինչն է՛լ ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը, որովհետև, փաստորեն, քաղաքական շրջանակներում նույնպես չի ձևավորվել բանավեճի մշակույթը»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը։

Մելիքյանը խստորեն դատապարտում է այս երևույթն ու նշում, որ անկախ նրանից, թե ովքեր են այս արշավի կազմակերպիչն ու իրականացնողները, այս երևույթը պետք է խստորեն քննադատվի ու արժանանա իրավապահ մարմինների ուշադրությանը, որպեսզի մեղավորները պատժվեն։

«Լրագրողական կազմակերպությունները, բնականաբար, անդրադառնալու են այս խնդրին, որի վերաբերյալ անպայման լինելու է հայտարարություն»,- ասում է Աշոտ Մելիքյանը։

Մելիքյանը նշում է, որ այս երևույթը նորություն չէ, նախկինում էլ եղել են նմանատիպ դեպքեր։ Նրա համոզմամբ՝ սա հետևանք է նաև այն բանի, որ մեր հասարակությունը չսովորեց ժողովրդավարության շատ կարևոր մի սկզբունք՝ խոսքին պետք է պատասխանել խոսքով, այլ ոչ թե սպառնալիքներով կամ բռունցքներով։

ՀՀ դատախազությունը ևս արդեն սկսել է ուսումնասիրել լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումը, այս մասին «Մեդիալաբին» տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Հրապարակմանը ծանոթ ենք, դատախազությունը զբաղվում է դրա ուսումնասիրությամբ»,- ասում է Գոռ Աբրահամյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am