Սերժ Սարգսյանի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումների համար որևէ արգելք և սահմանափակում չկա. Մայր Աթոռի պարզաբանումը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ծանոթանալով NewArmenia.am կայքում հրապարակված «Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը հանդիպել են. պայմանավորվել են համատեղել ուժերը» նյութին՝ ցանկանում եմ նշել հետևյալը։

Պետական, քաղաքական կամ հասարակական գործիչների, այդ թվում և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումների համար որևէ արգելք և սահմանափակում չկա։ Այդպիսի հանդիպումները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության՝ քննարկելու մեր երկրին ու ժողովրդին հուզող տարաբնույթ խնդիրներ։

Պետք է ձերբազատվել այդպիսի հանդիպումներին արհեստական օրակարգեր վերագրելուց և դավադրություններ փնտրելուց։ Անհեթեթություն է մտածել, որ այդպիսի օրակարգով հանդիպում կարող էր լինել»։