Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրով օժանդակություն կստանան բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն անդրադարձել է այս տարվա համար նախատեսված կապիտալ շինարարության ծրագրերին: «Երեկ վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է այս տարի կապիտալ շինարարության ոլորտում էական ծրագրեր իրականացնելու մասին. նվազագույնը 100 օբյեկտի նախագծման և շինարարության մասին է խոսքը»,-նշել է Տիգրան Ավինյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասներ է ներկայացրել նախատեսվող ծրագրերի, օբյեկտների նախագծման աշխատանքների վերաբերյալ: «Իրականում աննախադեպ ծրագրեր են և՛ քանակական, և՛ ֆինանսական առումով: Ընդհանուր առմամբ այսօր կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում են կրթական, մշակութային և մարզական նշանակության 74 օբյեկտների նախագծային աշխատանքները: Դրանցից մի մասն արդեն ավարտման փուլում է, մի մասն ավարտվել է, իսկ մնացածի աշխատանքները կավարտվեն մինչև հուլիս, մաքսիմում՝ օգոստոս: ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նաև պատրաստ է իրենց պատվիրատվությամբ ևս 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանքները: Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ կրթական, մշակութային 111 օբյեկտների նախագծային աշխատանքներ ավարտված կամ ավարտման փուլում են: 90 օբյեկտի շինարարության մրցույթները նախնական պայմանավորվածությամբ կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեն, մնացածի նորոգման աշխատանքները կիրականացվեն նախարարության պատվիրատվությամբ»,-ասել է Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ առողջապահական նշանակության 12 օբյեկտների նախագծային աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են և կավարտվեն նույն ժամանակահատվածում:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի խոսքով՝ շինարարական աշխատանքների մեկնարկը պատշաճ կազմակերպելու համար արդեն սկսվել են քննարկումները շինարարական կազմակերպությունների և անհատ շինարարների հետ:

Փոխվարչապետն ընդգծել է նմանատիպ ծավալի աշխատանքների կարևորությունը կապիտալ շինարարության ոլորտում, որոնք ակնհայտորեն էական նշանակություն են ունենալու երկրի տնտեսության համար:

Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

Միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝ համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով` շահառու հանդիսացող և մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին: Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։ Հայտերի գնահատումն իրականացվում է նախարարության հրապարակած մրցույթի հրավերով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովների կողմից նախօրոք մշակված չափորոշիչների և գնահատման սանդղակների: Հաշվի են առնվելու ներկայացված ծրագրի նորարարությունը, համապատասխանությունը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, իրագործելիությունը, ֆինանսական համապատասխանելիությունը, արտադրանքի իրացվելիությունը միջազգային շուկայում, տնտեսավարողի մասնագիտական ներուժը և այլ անհրաժեշտ չափորոշիչներ։

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։