«Վլադիկը ԴԱՀԿ-ում բոլորի ներկայությամբ հայտարարել էր՝ բոմբ եմ գցելու , վառեմ էս ընտանիքը, չեմ նայելու, որ էրեխեն ներսն ա լինելու»․ Թագուհի Մանսուրյանի պատմությունը

«Վլադիկը ԴԱՀԿ-ում բոլորի ներկայությամբ հայտարարել էր՝ բոմբ եմ գցելու , վառեմ էս ընտանիքը, չեմ նայելու, որ էրեխեն ներսն ա լինելու»․ Թագուհի Մանսուրյանի պատմությունը
«Վլադիկը ԴԱՀԿ-ում բոլորի ներկայությամբ հայտարարել էր՝ բոմբ եմ գցելու , վառեմ էս ընտանիքը, չեմ նայելու, որ էրեխեն ներսն ա լինելու»․ Թագուհի Մանսուրյանի պատմությունը

Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանը երկրորդ անգամ ընտանիք կազմելով՝ հույս ուներ, որ այս անգամ ամեն ինչ կստացվի՝ երեխաներ կունենան, մի բարձի կծերանան:Երազանքների իրականացման ճանապարհը կարճ տեւեց. մի տարի էլ չձգեց:

Հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին: Հայր ու դուստր հիմա հիվանդանոցում են:

Կանխատեսելի՞ էր, թե՝ ոչ նախկին ամուսնու կողմից այս բռնությունը, Թագուհին ասում է՝ «համենայնդեպս, երբ նոր էինք ծանոթացել, հանդիպում էինք, նման դաժանություն չէի սպասում: Այն ժամանակ ինքն իրեն լավ էր դրսեւորում»:

Թագուհին պատմում է, որ Վալդիկի հետ ծանոթացել է գործընկերներից մեկի ծննդյան առիթի ժամանակ, ու հենց հաջորդ օրվանից Վլադիկը փորձել է կապեր հաստատել նրա հետ, սկսել են հանդիպել են, սկզբում ամեն ինչ կարգին է եղել:

«Ամուսնության առաջարկ արեց, տարակուսում էի, չէի ուզում, ինձանից 6 տարի փոքր էր: Հետո իրեն նենց դրսեւորեց, որ ես մտածեցի՝ դե երկուսս էլ ամուսնացած բաժանված ենք, ես առաջին ամուսնուցուս երեխա չէի ունենում, բայց հաշտ ենք ապրել, երեխա չունենալու պատճառով որոշեցինք բաժանվել: 5 ամիս շփվելուց հետո Վլադիկի հետ որոշեցինք ամուսնանալ»,-պատմում է Թագուհին:

Մինչ ամուսնանալը Թագուհին բավական երկար ժամանակ խնամել է Վլադիկին. Ասում է՝ երբ Վլադիկը, որը Ղարաբաղի բնակիչ է, հիվանդացել էր եւ տեղափոխվել էր Երեւանի հոսպիտալ, խնամող չուներ, ու Թագուհին որոշել է նրա մասին հոգ տանել:

«Ամեն անգամ աշխատանքից հետո այցելում էի նրան: Մի անգամ Վլադիկի հայրը վարսավիր էր փնտրում, որպեսզի որդուն սափրեին, ես ինքս արեցի դա, որ կյանքում նման բան չէի էլ արել»,-ասում է Թագուհին:

Ասում է, որ հետո որոշեցին ամուսնանալ ու միասին սկսեցին ապրել վարձակալած բնակարանում.

«Դե զգացմունքներ ունեի, ու ինքն էլ կասկածելի վարք ցույց չէր տվել»,֊«Մեդիալաբին» ասում է Թագուհին:

Նորաստեղծ ընտանիքի հոգսը հիմնականում Թագուհու ուսերին էր, նա գեղեցկության սրահներից մեկում մատնահարդար էր աշխատում: Ասում է՝ Վլադիկն իրենց համատեղ կյանքի ընթացքում չի աշխատել, չի էլ օգնել Թագուհուն: Հետո սկսել են «անակնկալները»:

Թագուհին պատմում է, որ Վլադիկը մի անգամ ծեծել է նաեւ կնոջ գործատուին, ինչ է թե կինն աշխատելու ժամանակ ամուսնուն խնդրել է չզանգել, գործ է անում, խանգարում է.

«Անընդհատ զանգում էր ինչ-որ բաներ էր հարցնում, խնդրեցի հետո զանգի: Գործատուս էլ, որը ճանաչում էր Վլադիկին, նույնպես խնդրեց Վլադիկին, որ անձանական հարցերը գործնականի հետ չխառնենք ու աշխատանքի ժամանակ չխանագրի ինձ: Դրա համար Վլադիկը ծեծեց գործատուիս ու ինձ ստիպեց գործից դուրս գամ»,֊պատմում է նա:

Երբ Թագուհին փորձել է քննարկել, թե ինչո՞ւ ամուսինն իրեն գործից հանեց, բա առանց աշխատանքի ոնց են ապրելու, Վլադիկը զայրացել է ու, ինչպես Թագուհին է ասում՝ դանակ է քաշել վրան.

«Արդեն հղի էի այդ ժամանակ, ու երբ դանակ քաշեց վրաս, վախեցա, փակվեցի սենյակում, չէի կարողանում դուրս գալ, վատացա: Երեխային արդեն կորցնելու էի, բժիշկն ասաց, որ պետք 2 ամիս պառկած լինեմ չծանրաբեռնվեմ, չաշխատեմ: Հետո եկավ մի պահ, որ այլեւս հնարավոր չէր վարձով ապրել, չէինք աշխատում, գնացինք ծնողներիս տուն, 6 ամիս այդտեղ ենք ապրել»:

Որպեսզի ծնողների «վզին նստած չլինեն», Թագուհին սկսել է նորից աշխատել, մատնահարդարման համար պատվիրատուների տուն էր այցելում, ասում է՝ ոչ մի գեղեցկության սրահ աշխատանքի չէր վերցնում, քանի որ հղի էր:

Թագուհին պատմում է, որ ծնողների բնակարանում ապրելու ժամանակ էլ վեճերն անպակաս էին. իրավիճակը թեժացել է, երբ Վլադիկը մայրը դժգոհել է, թե Թագուհին իրեն չի զանգում:

«Բայց ես զանգում էի, ուղղակի ինքը զանգերին չէր պատասխանում, միշտ աղջիկն էր պատասխանում, ես էլ հարցուփորձ էի անում, բարեւներ ուղարկում: Հետո էլ միշտ սկայփով խոսում էինք: Էս թեմայի շուրջ էլ վեճ եղավ ու Վլադիկն ասեց՝ բաժանվում եմ ու թողեց տանից գնաց: Շատ ուշ ժամի եկավ իմ իրերը հավաքեց լցրեց հորս մեքենան, բանալիներն իր մոտ էին, ու ինձ խաբելով տարավ Ղարաբաղ, իմ ոսկե մատանին էլ լոմբարդում դրեց, գումար վերցրել, որ բենզին գնի»,-պատմում է Թագուհին:

Ղարաբաղում էլ Վլադիկի մորը պետք է խնամեր Թագուհին. Վատառողջ էր, բայց բժիշկներն արգելել էին նրան ծանր գործ անել.

«Պետք է կեսարյան հատումով ունենայի բալիկիս, որոշեցի որ պետք է գամ Հայաստանում ունենամ: Մինչեւ այդ, իրենք զագսավորեցին ինձ էնտեղ, որ 300 հազար դրամը ստանային, 230 հազարն էլ երեխայի գումարն էր: Եկա Հայաստանում ունեցա փոքրիկիս: Մինչ այդ վատացել էի, մի շաբաթ պառկած էի հիվանդանոցում, արդեն երեխայիս ունենալու ժամկետը մոտ էր: Ոչ Վլադիկը, ոչ էլ նրա ծոնղները չեկան տեսակցության: Կեսարյանի օրն էլ չեկան, մի երկու օր հետո եկան ու չէին էլ ուզում երեխային գրկել Հետո Վլադիկն արգելեց մորս տանն ապրեմ, ասեց ընկերուհուդ տանը պիտի ապրես»:

Թագուհին նորածնի հետ վերադարձել էր ծնողների մոտ, ասում է՝ մինչեւ երեխայի 40 օրականը լրանալ երեխայի հայրը չի այցելել նրան: Երբ պարզվել էր, որ փոքրիկն առողջական խնդիրներ ունի, պետք է վիրահատեն, այդ ընթացքում Վլադիկը զանգահարել էր Թագուհուն. Այդ ժամանակ, ըստ կնոջ, հաշտվել են ու որոշել ամեն ինչ նորից սկսել, նորից վարձով բնակարան, բայց նորից վեճեր, ծեծեր:

«Ես իրանից բազմիցս լսել եմ, որ ասում էր՝ մամաս ճիշտ ա ասում, կնոջը պետք ա ծեծել, չթողնել գնա մոր տուն, ընկերներս էլ ճիշտ էին ասում՝ կնոջը պետք է ծեծել, որ ենթարկվի: Միշտ ահավոր հայհոյանքներ էր տալիս, անտեղի վիճում»,-ասում է Թագուհին:

Ամուսնալուծության առաջին քայլը Վլադիկ Մարտիրոսյանն է արել դիմել է դատարան, դատարան էր դիմել նաեւ Թագուհին, քանի որ Վլադիկի հայցում նաեւ երեխային պահանջելու միտք կար: Ամուսնալուծությունից հետո էլ, ըստ Թագուհու, նախկին ամուսինը անգիստ չէր թողնում. Ասում է՝ շենքի մոտ սպասում էր մինչեւ Թագուհին աշխատանքից տուն գար ու հարձակվում էր վրան.

«Հեռախոսը պահում էր վրաս, ասում՝ դու անբարոյական ես, փչացած ու ման եկող, նորմալ կինն էս ժամին տուն չի գա, երեխային տիրություն չես անում: Բայց ես ոչ մի անբարոյական բան չեմ արել, ես ոչ մի տղամարդու հետ կապ չեմ ունեցել, խանդի առիթ չեմ տվել»,֊պատմում է Թագուհի Մանսուրյանը:

Թագուհու ծնողների բնակարանում ապրելու ընթացքում էլ, ինչպես կինն է պատմում, վեճեր էին լինում: Զոքանչը շատ էր խառնվում աղջկա ու փեսայի կյանքին, Վլադիկի այս հայտարարության եւ հանրության այս կարծիքին Թագուհին հակադարձում է․

«Մայրս խնդրում էր, որ Վլադիկը տանը չծխի, մայրս ասթմա ուներ, ու այդ խնդրանքը մեր ընտանիքին խառնվե՞լ է: Ես հղի էի, իմ մոտ ծխում էր, մերոնք ասում էին՝ կնոջ մոտդ մի ծխի, լավ չի երեխայի համար, սա, ինչ է, խառնվե՞լ է»,֊հարցնում է նա:

Երեխային տեսակցության կռիվն էլ, ըստ Թագուհու, ուռճացված է. ասում է ինքը երբեք չի արգելել հորը երեխային տեսակցի, միշտ տարել է ԴԱՀԿ-ի՝ Հեքիաթի սենյակ, որտեղ ամուսնալուծված ծնողների ներկայությամբ երեխաների տեսակցություն է կազմակերպվում.

«Իր ծննդյան օրն էլ եմ տարել, բայց Վլադիկը չեկավ տեսակցելու, չնայած մի քանի անգամ եկել էր մինչ այդ: Մի անգամ չեմ տարել, որովհետեւ երեխան հիվանդացավ, հիվանդանոց էինք պառկել: Եթե ինքը հոգատար հայր լիներ, գոնե ալիմենտ կվճարեր, մի կոպեկ չի վճարել: Եկավ հիվանդանոց երեխային տեսնելու,աղիքային ինֆեկցիա էր երեխայի մոտ, կոմպոտ, նուռ, պնդուկ ու խաղալիք էր բերել: Ասացի՝ սրանք երեխային չի կարելի, վիճեցինք, պատուհանից դուրս շպրտեցի բերածներ: Սկանդալ սարքեց հիվանդանոցում, ոստիկանություն կանչեց ու պահանջեց իրեն վերադարձնել իր բերածների գումարը»:

Լեզու չէին գտնում Թագուհին ու Վլադիկը, այսպիսի ընտանիքներին, իրավապահ մարմիններն ասում են՝ անհաշտ ընտանիքներ: Վլադիկն ասում էր՝ իրենց մեջ երեխայի լռիվ է, Թագուհին ասում է՝ Վլադիկի ուզածը երեխան չէր:

Մանսուրյաններին կացնահարությունից ժամեր առաջ, Վլադիկը կրկին շենքի մոտ սպասել է Թագուհուն, որն աշխատանքից վերադառնում էր կեսգիշերից հետո: Թագուհուն տեսնելով նորից սկսել է վիճել՝ նորմալ կինը ինչ ա էս ժամին տուն գալիս, ման եկող ես.

«Մայրս ու ես ինքնապաշտպանվում էինք, ինքը ոստիկանություն կանչեց, իբր մենք իր վրա ենք հարձակվել: Ինձ ու մորս տարան ոստիկանություն, մինչեւ բացատրություն տվեցինք, ժամը գիշերվա 4-ն էր: Ոստիկանները մեզ մեքենայով տուն բերեցին, դեռ շենքի մոտից չէին հեռացել, մոտեցել էի մեր դռանը որ բացեմ, մայրս իմ հետեւում էր, Վլադիկը դուրս եկավ ու կացնով սկսեց խփել ինձ, մայրս մեջ ընկավ՝ նրան սկսեց կացնահարել: Օգնություն էի կանչում, հարեւանները դուռ չբացեցին, հայրս դուրս եկավ, հորս էլ կացնով խփեց: Ու ոստիկանները մոտեցան՝ բռնեցին Վլադիկին»:

Մինչ այս դաժանությունը, ինչպես վստահեցնում է Թագուհին, բազմիցս դիմել էր իրավապահ մարմիններին, ասում է՝ Վլադիկը ԴԱՀԿ-ում բոլորի ներկայությամբ հայտարարել էր՝ բոմբ եմ գցելու , վառեմ էս ընտանիքը, չեմ նայելու, որ էրեխեն ներսն ա լինելու:

Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի՝ «խոշտանգում» հատկանիշներով:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Նելլի Բաղդասարյանը վճռել էր Մարտիրոսյանին դատապարտել ազատազրկման 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, նա ազատության մեջ էր: 

Վլադիկ Մարտիրոսյանը կալանավորվեց միայն ողբերգական ելքով հանցագործությունից եւ մարդասպանությունից հետո։

Լուսանկարում՝ Թագուհի Մանսուրյանը /Լուսանկարը՝ «Մեդիալաբ»/

Մարի Ներսեսյան

MediaLab.am