Գնդակն այլևս գտնվում է ՀՔԾ-ի և դատախազության տիրույթում․ Մարուքյանի հայտարարությունը

Հեղինակ MediaLab

Ազգայի ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ․

«Սիրելի՜ հայրենակիցներ, կարծում եմ՝ անհրաժեշտ է մի վերջին անգամ անդրադառնալ վերջին օրերի իրադարձություններին և հստակեցնել մեր մոտեցումը։

Ակնհայտ է, որ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նկատմամբ կառավարող թիմի կողմից գործադրվել է բռնություն, որը ոչ միայն չի դատապարտվել, այլ նաև հանցավոր անտարբերությամբ և մանիպուլատիվ հնարքներով արդարացվել է ու լեգիտիմացվել։

Հայտնի օրինաչափություն է, որ բռնության արդարացումը ծնում է նորանոր բռնության դեպքեր և պատճառ է դառնում արատավոր երևույթի զանգվածային տարածման համար։ Այս նույն տրամաբանությամբ մայիսի 8-ին «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների գործադրած բռնության չդատապարտումն ու արդարացումը հանգեցրեց անպատժելիության գիտակցման, ինչի հետևանքով էլ պատգամավոր Սասուն Միքայելյանը վերստին գործի դրեց սպառնալիքների և հաշվեհարդարի հռետորաբանությունը։

Ավելին, մեզ սպառնացին ԵԿՄ-ի ազատամարտիկների հաշվեհարդարով, ինչպես նաև մանդատը վայր դնելու անհամաչափ վերջնագիր ներկայացրեցին։ Ինչո՞ւ պետք է ընդդիմադիր գործիչը մանդատը վայր դնի, եթե հենց ինքն է բռնության զոհը։
Փաստացի կառավարող թիմն իր անհանդարժողականությամբ և ամբողջատարիկան մտածողությամբ փորձում է սահմանափակել ընդդիմության գործունեությունը, ազատ խոսքն ու այլակարծությունը։
Կարծում եմ, որ բոլոր այս միջադեպերը պետք է ոչ միայն քաղաքական գնահատական ստանան, այլ նաև արժանանան իրավապահ կառույցների՝ ՀՔԾ-ի և դատախազության ուշադրությանը։

Սիրելի՜ հայրենակիցներ, այս ամենի հետ զուգընթաց հասկանալի է նաև, որ մենք էլ անսխալական չենք և երբեմն չափազանց զգացմունքային ենք արձագանքում այս կամ այն իրադարձությանը։ Բայց մի՞թե ակնհայտ չէ, որ կառավարող թիմը հստակ խնդիր է դրել խորհրդարանական ընդդիմության կազմաքանդման ուղղությամբ։ Նրանք ցանկանում են չեզոքացնել իրենց հիմնական ընդդիմախոսներին և մնալ անվերահսկելի։ Մեր բարի համբավը արատավորելու նպատակով ամեն օր մեզ պիտակներ են կպցնում և կապում ինչ-որ «մութ և դավադիր» ուժերի հետ և առանց որևէ լուրջ հիմնավորման։ Մեզ փորձում են ահաբակել և վախեցնել՝ դիմելով տարատեսակ զազրելի մեթոդների։ Հիշեցնենք, որ նման կերպ ընդդիմության հետ վարվում էին նաև նախկին վարչակազմերը:

Սիրելի՜ ընկերներ, անկախ ամեն ինչից և բոլոր հանգամանքներից, Լուսավոր Հայաստանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը՝ հավատարիմ մնալով իր լուսավոր արժեքներին և ավանդույթներին։ Մենք պատրաստ ենք դիմագրավել ցանկացած մարտահրավերի և մինչև վերջ գնալ հանուն մեր գաղափարների։ Իսկ կառավարող թիմը պետք է ներողություն խնդրի հարձակման համար և համապատասխան քաղաքական գնահատականով երաշխավորի, որ այլևս խորհրդանարանում և ցանկացած տեղ ազատ խոսքն ու այլակարծությունը չեն ճնշվելու։ Առանց այս հիմնարար արժեքների ամրագրման Հայաստանի ժողովրդավարական ապագան վտանգված է։

Շնորհակալություն բոլոր աջակցողներին և լայնախոհություն բոլոր այն մարդկանց, որոնք օր ու գիշեր արդարացրեցին բռնությունը։
Ցավում եմ, եթե ինչ-որ դրվագներում վրիպել եմ, բայց իմ վրիպումները աննշան հետևանք կարող են թողնել Հայաստանի ապագայի վրա, իսկ իշխանության կողմից բռնության իրագործումն ու լեգիտիմացումը կործանարար ճահիճ է, որը քայքայելու է մեր պետության հիմքերը։

Այսքանով կսպասենք համապատասխան գործողությունների իշխանությունների կողմից վերոշարադրյալ պահանջների լույսի ներքո, իսկ գնդակն այլևս գտնվում է ՀՔԾ-ի և դատախազության տիրույթում։ Հուսով եմ՝ իրավապահ կառույցները վերջապես համարժեք միջամտությամբ իրավական գնահատական կտան կատարվածին»։