Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ կատարվածին ու գրել․
«Երեկ ուշ երեկոյան տհաճ միջադեպ է տեղի ունեցել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ, ավելի ճիշտ՝ վերջինս ուղղակի ներքաշվել է այդ միջադեպի մեջ: Դատելով տարածված ձայնագրությունում հնչող խոսքից` սփյուռքահայ մի երիտասարդ ակնհայտ ագրեսիվ վարքագծով մոտեցել է Զոհրաբ Մնացականյանին` նրան հարցեր ուղղելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային-փաթեթային տարբերակների, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների վերաբերյալ:
Տեսանյութում պարզորոշ երևում է սակայն, որ այդ երիտասարդի նպատակը ոչ թե իր տված հարցերի պատասխանները ստանալն էր, այլ արտգործնախարարին հունից հանելը, ինչը մասամբ նրան հաջողվում է:
Հետևաբար տեղի ունեցածը պետք է գնահատել որպես սադրանք Զոհրաբ Մնացականյանի նկատմամբ: Կատարվածը կարելի էր համարել սովորական միջադեպ, եթե չլիներ այն քաղաքական լայն համատեքստը, որն առկա է վերջին շրջանում: Խոսքը տարբեր միջադեպերի, քաղաքական ու կենցաղային սադրանքների միջոցով երկրում անկայության արհեստական մթնոլորտ ձևավորելու փորձերի մասին է: Մեծ հավանականությամբ, Զոհրաբ Մնացականյանի հետ կատարվածը տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում և բացառված չէ անգամ, որ կազմակերպված լինի այն ուժերի կողմից, որոնք շահագրգիռ են Հայաստանում անկայունություն կամ անկայունության պատրանք ստեղծելու հարցում:
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և իշխանության ներկայացուցիչներին կոչ եմ անում առաջիկայում լինել առավելագույնս զգոն ու չտրվել նման սադրանքների, որոնք այդպիսիք, ամենայն հավանականությամբ դեռևս տեղ են ունենալու մեր կյանքում»: