Երևանի քաղաքապետի մասնակցությամբ կայացել է եռաչափ նկարի շնորհանդեսը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի մասնակցությամբ կայացել է եռաչափ նկարի շնորհանդեսը  (տեսանյութ)
Երևանի քաղաքապետի մասնակցությամբ կայացել է եռաչափ նկարի շնորհանդեսը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի և «Ամերիբանկ»-ի համագործակցության արդյունքում հունիսի 1-20-ն անցկացված «Երազանքների պատ» ծրագրի շրջանակում իրականացված եռաչափ նկարի շնորհանդեսին: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ըստ քաղաքապետարանի,հաշվի առնելով Երևանում եռաչափ պատկերներով ձևավորում ունենալու մասին «Երազանքների պատերին» տեղ գտած բազմաթիվ խնդրանքները` կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի հրապարակի սալահատակը ձևավորվել է եռաչափ պատկերով: Այդ նպատակով «Բի Բի Մեդիա» գովազդային գործակալության միջոցով Երևան էր հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը: Մայրաքաղաքում ծրագիրն իրականացվում է առաջին անգամ: Ի դեպ, երևանյան նկարն իր չափերով նկարչի նմանատիպ ամենամեծ աշխատանքն է աշխարհում:
«Մեր գործընկերոջ հետ նախաձեռնելով «Երազանքների պատ» ակցիան` նպատակ էինք դրել տեղեկանալ Երևանի զարգացման ու գեղեցկացման հարցում մեր համաքաղաքացիների և, ինչու չէ, նաև մայրաքաղաքի հյուրերի մոտեցումներին: Առաջիկայում կամփոփվեն բոլոր երազանքները, և կմշակվի հատուկ նախագիծ, որը կներկայացնի հավաքական այն երազանքը, որի իրագործման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,-լրագրողներին ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ, տեսնելով քաղաքացիների ոգևորությունը, Ազնավուրի հրապարակի եռաչափ նկարը, թերևս, միակը չի լինի Երևանում:

Աշխատանքը 5 օր շարունակ կատարվել է ծածկի տակ ջրակայուն և ջերմակայուն հատուկ ներկերով: Նկարը եռաչափ պատկերով տեսնել հնարավոր է միայն նշված մեկ կետից: Լուսանկարվել ֆոնին երևանցիները կկարողանան դեռ մի քանի ամիս շարունակ:

«Քաղաքն օրեցօր ու հաճելիորեն կերպարանափոխվում է: Ու այս հարցում, անշուշտ, իր մեծ ներդրումն ունի անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Դա ևս մեկ խթան է, որ մենք շարունակենք համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ և փորձենք կյանքի կոչել նոր ծրագրեր ու մտահղացումներ, որոնք կնպաստեն մայրաքաղաքի արտաքին տեսքի էլ ավելի գեղեցիկ ձևավորմանը»,- նշել է «Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նշենք, որ «Երազանքների պատերին» և ֆեյսբուքյան էջին տեղ են գտել ավելի քան 4000 տարբեր երազանքներ ու ցանկություններ, որոնցից մոտ 800-ը եղել են 3D սթրիթ արթի վերաբերյալ։

© Medialab.am