COVID-19. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոն 928 հազարից ավելի մարդ. թարմ տվյալներ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 920 հազարից: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 320 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 928 հազար 023 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 550 հազար 630 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 92 հազար 034 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 299 հազար 941 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 837:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 188 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 709:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 255 հազար 368-ի, մահացածներինը՝ 16 հազար 853-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 246 հազար 406 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 34 հազար 796: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 225 հազար 886, մահերինը՝ 32 հազար 007: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 179 հազար 927 է, մահացածներինը՝ 28 հազար 239:

Գերմանիայում 177 հազար 289 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 123 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 150 հազար 593-ի, մահացածներինը՝ 4 հազար 171-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 124 հազար 603-ի: Վերջին մեկ օրում 2 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 119 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 960 ընդհանուր, 6 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։ 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 702-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 35 հազար 606, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 063 է, մահացածներինը՝ 227:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 16 հազար 764-ի, մահացածներինը՝ 121-ի: Եգիպտոսում 12 հազար 764 հաստատված դեպք կա, մահացել է 645 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 554 վարակվածության, 127 մահվան դեպք: Լիբանանում կա 954 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Միշուստինը վերադարձել է վարչապետի իր աշխատանքային պարտականություններին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վերադարձել է աշխատանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է Կրեմլի կայքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որն անվավեր է ճանաչում փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին վարչապետի պաշտոնակատար նշանակելու մասին փաստաթուղթը:

Ապրիլի վերջին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում առաջարկել էր իր տեղակալ Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը, որից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց:

Ավելի վաղ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել էր, որ վարչապետն ապաքինվում է և հույս էր հայտնել, որ նա շուտով կվերադառնա աշխատանքային գրասենյակ:

Գերմանիայում վարակի բռնկման նոր օջախներ են ի հայտ եկել

Գերմանիայում կորոնավիուսի սահմանափակումները մեղմացնելուց հետո վարակի նոր օջախներ են ի հայտ եկել, այս անգամ մսամթերքի արտադրության գործարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ Ներքին Սաքսոնիայի դաշնային երկրամասում գտնվող Դիսսեն քաղաքում իշխանությունների որոշմամբ դադարեցվել է մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկի աշխատանքը: Այնտեղ 90-ից ավելի աշխատակից վարակվել է: 

Մի քանի օր առաջ կրկին մսամթերքի արտադրության գործարանում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են արձանագրվել Կոսֆելդ քաղաքում: Այնտեղ 150-ից ավելի աշխատակցի մոտ վարակի դեպք էր գրանցվել: 

Նշվում է, որ Բեռլինում կորոնավիրուսի հարցերով կառավարական կոմիտեն նիստ է հրավիրել իրավիճակը քննարկելու համար: 

Բոլոր վարակվածները մեկուսացվել են:

Համավարակը Եվրոպայում փլուզել է ավտոշուկան

Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է խոշորածավալ փլուզման Եվրոպայի ավտոշուկայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի ապրիլին, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ԵՄ-ում թեթև մարդատար ավտոմեքենաների վաճառքը նվազել է 76.3 տոկոսով: Տվյալները ներկայացրել է Ավտոմոբիլների եվրոպական արտադրողների ասոցիացիան: Նրա տվյալներով, սա ամսվա ամենաուժեղ անկումն է:

2020 թվականի 4 ամսվա կտրվածքով Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքն անկում է ապրել 38.5 տոկոսով: Վիճակագրության մեջ ներառված են ԵՄ անդամ երկրները, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան: Վաճառքի գրեթե ամբողջական դադարեցում է նկատվում Իտալիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում:

Դրա հետ մեկտեղ, զգալի անկում են ապրել նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները, հատկապես տուժել են այն երկրները, որտեղ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենախիստ պահանջներն են եղել, Իտալիա (97,6 տոկոս անկում), Իսպանիա (96,5 տոկոս), Բելգիա (90,1տոկոս), Ֆրանսիա (88,8 տոկոս), Իռլանդիա (96,1 տոկոս), Գերմանիա (61,1 տոկոս):

Շուկայի փլուզման պատճառ է դարձել մի քանի շաբաթով արտադրության ամբողջական դադարեցումը, ինչպես նաև դիլերային կենտրոնների փակումը:

Համաշխարհային առաջնորդները միասնականության կոչ են անում կորոնավիրուսի դեմ պայքարում

Համաշխարհային առաջնորդները, որոնք հավաքվել են պատմության մեջ առաջին անգամ առցանց ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում, կոչ են արել երկրներին միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով իր ելույթով բացեց վեհաժողովը, հանդես է եկել խիստ նախազգուշացմամբ: Նրա կարծիքով, աշխարհի երկրները կբախվեն շոշափելի վախի ու անվտանգության բացակայության խնդրին, եթե մահացու վտանգավոր հիվանդությունը չկանգնեցվի բոլոր տեղերում: Գուտերեշն ընդգծել է, որ համավարակի հետևանքները կարող են ավելի կործանարար լինել:

«Մեր ուժերը պետք է գնահատել առողջապահական ամենաթույլ համակարգերով: Զարգացող աշխարհի պաշտպանությունն առատաձեռնության ու բարեգործության հարց չէ, այլ լուսավորյալ անձնական շահ: Գլոբալ Հյուսիսը չի կարող հաղթահարել COVID-19-ը, եթե միևնույն ժամանակ գլոբալ Հարավը չհաղթահարի»,- նշել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատությունների թիրախում է հայտնվել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի կողմից: ԱՄՆ-ն ապրիլին դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը:

Մոսկովյան հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսը հաղթահարած 100 տարեկանից բարձր երկու կին

Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկից դուրս է գրվել 100 տարեկանից բարձր երկու կին: Նրանք վարակված են եղել կորոնավիրուսով և հաջող բուժում են անցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կորոնավիրուսը հատուկ վտանգավոր է ավագ սերնդի համար՝ 65 տարեկանից բարձր անձանց: Տարիքի հետ իմունային համակարգը թուլանում է, կուտակվում են մի շարք հիվանդություններ, խորանում է ինֆեկցիոն հիվանդությունների ընթացքը: Չնայած բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներին, վարակը երբեմն հասնում է բարձր տարիքի մարդկանց: Այդուհանդերձ, ես ուրախ եմ հայտնել, որ մեր հիվանդանոցում 100 տարեկանից բարձր կորոնավիրւսով վարակված 2 կին բուժման հաջող ընթացք են ունեցել և դուրս գրվել հիվանդանոցից: Նրանց առողջության նկատմամբ վերահսկողությունը կշարունավի վերականգնողական հիվանդանոցում»,-ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիանա Լիսենկոն:

Նշվում է, որ կին պացիենտներից մեկը վերջերս դարձել է 101 տարեկան: Նա ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Մյուս պացիենտը կես տարով մեծ է առաջինից, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը:

Թրամփը ԱՀԿ-ի ֆինանսավորումը շարունակելու համար պահանջներ է ներկայացրել

Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում չանցկացնի բարեփոխումներ, որոնք պահանջում է ԱՄՆ-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակում՝ ուղղված ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսին: Սպիտակ տան ղեկավարի խոսքով, իրենք անցկացրել են հետաքննություն՝ կապված կորոնավիրուսի տարածման առնչությամբ ԱՀԿ-ի անհաջող արձագանքին:

«Մեր ստուգումները ցույց են տվել բազմաթիվ լուրջ մտահոգություններ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ վերջին շրջանում և վերհանել եմ նորերը, որոնց պետք է ԱՀԿ-ն արձագանքեր»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը ԱՀԿ-ից պահանջում է քայլեր ձեռնարկել նկատելի բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, որի թվում է նաև Չինաստանից անկախ լինելը:

«Ակնհայտ է, որ համավարակին կազմակերպության արձագանքի հետ կապված սխալներն աշխարհի համար չափազանց թանկ արժեցան»,- նշել է նախագահը: