Չկայացած մրցույթներ, ընդհատված շինաշխատանքներ

Երևանի 2020 թվականի բյուջեով հայտարարված շուրջ 70 շինարարական ծրագրերի տեխհսկողության ծառայությունների գնման ընթացակարգերից 44-ը չեն կայացել: Պատճառը՝ հայտերի բացակայությունն է: Արդյունքում՝ այսօր Երևանի տարբեր հատվածներում հաճախ կարելի է հանդիպել անավարտ մնացած շինարարական աշխատանքների, այդ թվում՝ ճանապարհների վերանորոգման ոլորտում, ինչը անհարմարություն է ստեղծում քաղաքի բնակիչների համար:

«ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 10-ի 1422 Ն որոշմամաբ փոփոխություններ կատարվեց 2017թ. ընդունված գնման գործընթացի կազմակերպման կարգում, որով սահմանվեց, որ մասնակիցը հայտը ներկայացնելիս փաստաթղթերի  հետ միասին ներկայացնում է նաև հավաստում, որ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքով սահմանված ժամկետներում կներկայացնի իր կողմից ներկայացված գնային առաջարկի 100 %-ի չափով որակավորման ապահովում: Տեխհսկողություն իրականացնող ընկերությունների տնօրենների հետ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ մասնակիցներին անհարմարություն է պատճառում բանկային երաշխիքի պայմանը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության պետ Էդգար Կիրակոսյանը:

Համաձայն կարգի, եթե գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում 10 մլն դրամը, երաշխիքը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Շինարարական ծրագրերի տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում, սակայն, ապահովումը ներկայացվում է բացառապես բանկային երաշխիքի ձևով:

«Ենթադրենք 42 հազար դրամի համար մասնակիցը պետք է գնա 800 հազար դրամի բանկային երաշխիք վերցնի գա և մասնակցի 42 հազար դրամանոց մրցույթի: Այստեղից էլ հետևություններ ենք անում, որ չի խրախուսվում մասնակցությունը»,- ասում է Էդգար Կիրակոսյանը:  

«Քաղաքապետարանն ընդամենը օրենքի տառին հետևելով այսօր կանգնած է այս փաստի առաջ և այս մասով ճիշտ է, որ իրազեկումը հասնի նաև մեր քաղաքացուն, ով շահառուն է փողոցներից օգտվելու, նաև նրա հարկերով է այս ամենը կատարվում և հաշվետու ենք այս առումով»,- նշում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:  

«12 վարչական շրջանի 12 չափաբաժին (լոտ), ավելացրած գրունտային աշխատանքներ և ճաքալցում. նույն խոչընդոտն է և նույն արգելքների առաջ ենք կանգնել տեխհսկողության հետ կապված»,- նկատում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Օրենսդրության համաձայն, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները գնման գործընթացներ իրականացնելիս հանդես են գալիս որպես պատվիրատուներ: Երևանի քաղաքապետարանը, բացառություն չէ, և որպես պատվիրատու գնման գործընթացներ իրականացնելիս առաջնորդվում է Քաղաքացիական  օրենսգրքով, Գնումների մասին օրենքով և կառավարության որոշումներով:  

«2019թ. օրինակ Արաբկիրում ընդհանուր 130 մրցույթ ենք դրել, որոնցից ընդամենը չի իրականացվել 8 %-ը: Այս տարի նաև այդ երաշխիքային գումարների պատճառով, որոշակի գնումներ չեն կայացել նաև այդ մասով և այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով 67 մրցույթ ենք հայտարարել, որից 13 %-ն արդեն չեն կայացել»,- նշում է Արամ Դանիելյանը:

Մրցույթների պատճառով պատկերը նույնն է նաև երևանյան այն մանկապարտեզներում, որոնք այս տարվա ծրագրով պետք է նորոգվեն:   

«Տվյալ մանկապարտեզում աշխատանքները դադարեցված են և նմանատիպ աշխատանքներ ունենք ևս 8 մանկապարտեզներում: Տեխհսկողի փաստաթղթերում եղել է կեղծիք և այդ ընկերության հետ խզվել է բոլոր պայմանագրերը՝ բանկային երաշխիքի հետ կապված:  Եվս 3 մանկապարտեզի մրցույթ էլ կայացել է երկու օր առաջ և մենք թվով 11 մանկապարեզ պետք է հասցնենք, որ հաստատված բյուջեով իրականացնենք »,- նշում է Գրիգոր Հարությունյանը:

Հաշվի առնելով տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություններից ստացված արձագանքներն ու մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը, Երևանի քաղաքապետարանը դիմել է գործադիրին՝ համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով:

«Երևանի քաղաքապետարանն արդեն դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ առաջարկելով, որպես լիազոր մարմին հանդես գալու առաջարկությամբ կառավարության որոշման փոփոխման մեջ  և սահմանել, որ մինչև 10 մլն բոլոր գնման գործընթացներում որակավորման ապահովումը ներկայացվի միակողմանի հայտարարության տուժանքի, կամ կանխիկ   փողի ձևով: Այսինքն հանենք բանկային երաշխիքի իմպերատիվ պահանջը, որպեսզի մասնակիցների համար ավելի հարմարավետ պայմաններ ապահովենք մասնակցության»,- նշում է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության պետը:

«Տեխնիկական հսկողությունը, թե ժամանակի եղել է շատ ավելի այսպես ասած «մատների արանքով» են վերաբերվել, այսօր մենք՝ պատասխանատուներս, դրանց նկատմամբ, քանի որ պահանջներն ըստ պայմանագրի ուզում ենք, որ ամբողջությամբ կատարեն, դա իր հերթին բերում է, որ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների համար գրավիչ չեն լինում այն մրցույթները, որով նախկինում ավելի քիչ աշխատանք կատարելով էին տվյալ գումարները վաստակում»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:        

Մինչ օրենսդրական փոփոխությունների իրականացումը՝ Երևանի քաղաքապետարանը գրեթե ամեն օր հայտարարում է չկայացած տեխնիկական հսկողության ծառայությունների գնման ընթացակարգեր, սակայն մինչ օրս հայտեր չեն ներկայացվել:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

https://www.facebook.com/YerevanCityHall/videos/681684592665530/