Մտքի ախոռները.Արամ Աբրահամյան

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, ի պատասխան «Առավոտի» հարցի, նշեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում որպես թեկնածուներ տեսնում է մի շարք գործիչների ու թվարկեց մի քանիսին: Համակրանքի տարբեր աստիճաններ ունենալով այդ գործիչների նկատմամբ՝ կարծում եմ, որ նրանց, ինչպես նաեւ մի քանի տասնյակ այլ մարդկանց նախագահ դառնալով որեւէ սարսափելի բան տեղի չի ունենա: Մանավանդ հաճելի էր այդ շարքում տեսնել կանանց, որովհետեւ, անկախ ամեն ինչից, լավ կլիներ, եթե հաջորդ տարի գոնե թեկնածուների շարքում մի կին լիներ: Դա «գենդերային» հարց չէ. այստեղ հնարավոր կլինի խոսել մեր քաղաքական մտահորիզոնի ընդլայնման մասին:

Բայց համակարգային փոփոխություններ, ավազակապետության կազմաքանդում, Ավգյան ախոռների մաքրում եւ այլն ոչ մի անհատ չի կարող ապահովել: Որովհետեւ այդ ախոռները մեր գլխում են, մեր գիտակցության մեջ: Երբ փողոցում ինձ ճանաչող մարդկանց 90 տոկոսը ինձ տալիս է միեւնույն հարցը՝ «բա մեր վերջը ի՞նչ է լինելու», ես հասկանում եմ, որ «մտքի ախոռը» հենց դա է՝ կրավորական, թուլակամ, խեղճուկրակ մարդու դիրքորոշում, որ նստած սպասում է, թե երբ է իր վերջը գալու, վստահ է, որ այդ վերջը վատն է լինելու եւ ցանկանում է ինձնից լսել իր հոռետեսական կանխատեսումների հաստատումը: Զարմանալի՞ է, որ այդպիսի մարդիկ սպասում են մեկին, ով կլուծի իրենց խնդիրները, ինչ-որ մի բան կնվիրի նրանց՝ աշխատատեղ, տանիք, վերելակ, թեկուզ 10 հազար դրամ: Ինչը եւ ստանոմ են, որից հետո զարմանում են, թե ինչու ունեն այսպիսի իշխանություն, որն «իրենց մասին չի մտածում»: Եթե դու ինքդ քո մասին չես մտածում եւ սպասում ես աղետալի «վերջին», ապա ինչո՞ւ որեւէ մեկը պետք է դա անի քո փոխարեն:

Այնպես որ՝ բանավեճն այն մասին, թե ով է Րաֆֆիի թվարկած եւ չթվարկած գործիչներից ավելի լավը, ինձ թվում է՝ անիմաստ է. արտաքին քաղաքականության մեջ մեր ընտրությունը սարսափելի փոքր է՝ նույնքան փոքր, որքան մեր երկրի չափերն են, եւ ինչպիսի հայտարարություններ էլ անեն նախագահական պաշտոնի հավակնորդները, նրանք անելու են մոտավորապես նույնը, ինչն արվել է վերջին 20 տարվա ընթացքում: Ներքին կյանքում ընտրություն կա, եւ դա, ինչպես միշտ, ընտրություն է վատի եւ վատթարագույնի միջեւ: Վատ է չլսել «ժողովրդի ձայնը» եւ ի հեճուկս նրա պահանջների՝ փորձել դանդաղորեն ինչ-որ բան բարեփոխել: Ավելի վատ է գնալ ամբոխի ետեւից եւ խոստանալ նրան այն, ինչի մասին երազում էր Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովը՝ ամեն ինչ բաժանել:

Բացի հեղափոխական 1991 թվականից՝ նախագահական ընտրություններում ժողովրդի կամքն ինձ համար ակնհայտ էր միայն մի անգամ՝ 98-ին, երբ միանշանակորեն հաղթեց Կարեն Դեմիրճյանը: Բայց ընտրողները ձայն տվեցին ոչ թե այս նշանավոր եւ, անշուշտ, շատ հայրենասեր գործչին, այլ 3.50-անոց երշիկի առասպելին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ