Սամվել Բաբայանը Արցախի կառավարությունում պաշտոն է ստացել

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, այդ մասին քիչ առաջ իր ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ, Երևանում հանդիպման ժամանակ։ Մինչ այդ Սամվել Բաբայանը որևէ պաշտոնում նշանակվելու մասին չի ակնարկել, միշտ պատրաստ է եղել համագործակցել՝ հանուն երկրի ապագայի։ Երեկ ես առաջարկել եմ նրան զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը», -հայտարարել է Հարությունյանը։

Ինչպես Մասիս Մայիլյանի նշանակման դեպքում, այս դեպքում էլ, Հարությունյանն ասաց, որ քաղաքական առևտուր չի եղել, ինչպես շատերը խոսում են։

«Հաշվի առնելով «Միասնական Հայրենիք» կուսակցության ստացած քվեն՝ 24 տոկոս, ինչպես նաև մեր հուշագիրը, առաջարկվել է Բաբայանին այդ պաշտոնը։ Որևէ առևտուր չի եղել։ Սամվել Բաբայանի ղեկավարած ուժը երկրորդ տեղն է, և մենք պարտավոր ենք համագործակցել՝ հաշվի առնելով ժողովրդի ստացած քվեն», -ընգծել է Հարությունյանը։

Նշենք, որ Մասիս Մայիլյանը Արցախի նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։