«Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը

Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» շուկայում առևտուր իրականացնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝  հակահամաճարակային կանոնների խախտումներ հայտնաբերելու հիմքով 24 ժամով շուկայի աշխատանքը կասեցնելու պարետի որոշման դեմ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միրգ և բանջարեղեն վաճառող գյուղացիները նշել են, թե չեն կարող դադարեցնել աշխատանքը, քանի որ իրենց ապրանքը 24 ժամում կփչանա, որի հետևանքով կհայտնվեն անելանելի վիճակում։

Վաճառողներին առաջարկվել է մինչև օրվա ավարտը վաճառել եղած ապրանքը, իսկ արդեն հունիսի 3-ին մեկ օրով կդադարեցվի շուկայի աշխատանքը։ Բացի այդ, նրանց առաջարկվել է ապրանքը վաճառել մեկ այլ տարածքում, որի նպատակով կհատկացվի տարածք, ինչպես նաև կձեռնարկվի բոլոր հնարավոր միջոցները ապրանքը իրացնելու ուղղությամբ։