ՀԾԿՀ-ն առաջարկում է անապահով ընտանիքներին շարունակել դիտարկել գազի համար առանձին սպառողական խումբ

Հ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ի պատասխան «Գազպրոմ Արմենիա»-ի՝ բնական գազի սակագները վերանայելու հայտի, առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը, մասնավորապես շարունակել սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խումբ դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սակագնի վերանայման հայտերի վերաբերյալ աշխատանքային կարգով քննարկմանն այս մասին ասաց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը:

«Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ այդ թվում հաշվի առնելով կառավարության համապատասխան որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: Արդյունքում հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար»,-ասաց Ուլիխանյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։