Արցախի հետ սահմանին կգործեն շարժական լաբորատորիաներ, դիմակ կրելը այնտեղ կդառնա պարտադիր․ Արայիկ Հարությունյան

Այսուհետ Արցախի Հանրապետություն մուտքը կարող է լինել միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում, սահմանին կգործեն շարժական լաբորատորիաներ, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում սահմանին կկատարվի արագ թեստավորում: Բացի այդ, Արցախ բոլոր մուտք գործող անձիք պետք է սահմանին ծանոթանան պարետատան կողմից մշակված անվտանգության կանոններին:

«Ընդհանուր առմամբ Արցախ մուտք ու ելքը պետք է հասցվի մինիմումի, մինչև որ Հայաստանի Հանրապետությունում չնվազեն հիվանդացության ցուցանիշները»,- նշել է Հարությունյանը:

Որպես օրինակ, Արցախի նախագահը մատնանշել է Պաշտպանության բանակի փորձը, որտեղ հիվանդության տարածումից հաջողվել է խուսափել հենց բանակում պարտադիր թեստավորման շնորհիվ:

Հարությունյանը նաև նշեց, որ, հաշվի առնելով Հայաստանի փորձը, Արցախում այսուհետ ևս պարտադիր կդառնա դիմակ կրելու պահանջը:

Խստացնում ենք նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների պահպանումը

Խստացնում ենք նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների պահպանումը

Gepostet von Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan am Sonntag, 7. Juni 2020