ՄԻԵԴ-ն Ադրբեջանի իշխանություններից պարզաբանումներ է պահանջել մի շարք կայքերի արգելափակման հետ կապված

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Ադրբեջանի դեմ 5 բողոքների հարցով խորհրդակցություններ, որոնցից 4-ը կապված են Ադրբեջանի տարածքում կայքերի արգելափակման հետ, գրում է Factor.am-ը։

Այս մասին «Թուրան»-ին հայտնել է միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Խալիդ Աղալիևը։ Նա նշել է, որ այս գործով դիմողներն են azadliq.org, anaxeber.az, 24saat.org և xural.com լրատվական կայքերը։ Այս ռեսուրսների հասանելիությունն Ադրբեջանում սահմանափակվել է Կապի նախարարության առաջարկով, դատարանի տարբեր որոշումներով։

Դրանք հիմնված են ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, հասարակական կարգի և անկարգությունների կանխարգելման նկատառումներով:

Աղալիևը նշել է, որ դիմումատուները խնդրում են ՄԻԵԴ-ին ճանաչել իրենց իրավունքների խախտումը՝ արտահայտվելու ազատության և Մարդու իրավունքների ու ազատությունների կոնվենցիայի այլ հոդվածներով։ ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությանը համապատասխան հարցումներ է ուղարկել։ Ստրասբուրգի դատարանը նաև պարզաբանում է պահանջել կայքերի արգելափակման որոշումներում քաղաքական դրդապատճառների առկայության կամ բացակայության վերաբերյալ։