Առաջին, բայց ոչ վերջին. «Սասնա ծռեր» առաջին լիամետրաժ մուլտֆիլմը որպես այլընտրանք մանուկներին

Առաջին, բայց ոչ վերջին. «Սասնա ծռեր» առաջին լիամետրաժ մուլտֆիլմը որպես այլընտրանք մանուկներին
Առաջին, բայց ոչ վերջին. «Սասնա ծռեր» առաջին լիամետրաժ մուլտֆիլմը որպես այլընտրանք մանուկներին

Հայաստանի անկախությունից ի վեր նկարահանված առաջին լիամետրաժ մուլտֆիլմը` հայկական «Սասնա ծռեր» էպոսի էկրանավորումը, շատերը հավատացած են, որ լավ հակադարձ կլինի վերջին տարիներին եթերը հեղեղած տեղական արտադրության կրիմինալ սերիալներին:
Հովհաննես Թումանյանի մշակած տարբերակի հիման վրա նկարահանված մուլտֆիլմի ստեղծման վրա ստեղծագործական խումբն աշխատել է մոտավորապես ութ տարի:
Մեծ մասամբ պետական միջոցների հաշվին նկարահանված մուլտֆիլմը, ըստ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` «ժողովրդի քաղաքակրթական մակարդակի մասին խոսող գործ է»:
Վառ կերպարներ, ուժեղ ձայն, հաջողված պատկերներ, հայկական մուլտերից խիստ տարբերվող կերպարներ. հայկական դյուցազնավեպը ներկայանում է հանդիսատեսին, շատերի համոզմամբ` «հոլիվուդյան կերպարներով»:

«Մենք աշխատել ենք մոտենալ համաշխարհային կերպարային լուծումներին և հեռանալ հայկական կարծրատիպերից` գանգուր մազեր, կպած հոնքեր,- «Մեդիալաբին» ասում է մուլտֆիլմի ստեղծման առանցքային դերակատարներից մեկը`հայտնի գլխավոր բեմադրող նկարիչ Վարդան Զաքարյանը: – Ես արել եմ մի գործ, որով հպարտանում եմ»:

Ֆիլմի պրոդյուսեր, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ասում է, որ ֆիլմով երեխաները կծանոթանան հայկական էպոսին, որը շատերին անծանոթ է, ինչպես նաև հայ դյուցազուններին, կտեսնեն հայ առնական հաղթող ու վեհ կերպարը:

«Ես շատ ուրախ եմ, որ վիզուալ և բովանդակային առումով մեր կյանք է մտնում մի գործ, որը կհանդարտեցնի աղտոտված դաշտը»,- «Մեդիալաբին» ասում է հայտնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: – Մանկական հասցեագրումով նյութ մենք քիչ ունենք, իսկ այս դեպքում հարազատ անուններ, վեհ կերպարներ… Ազդեցությունը, կարծում եմ` միայն դրական կարող է լինել»:

«Վիզուալ դաշտում» մեծ լարվածություն և հետաքրքրություն առաջացրած մի քանի հայկական կրիմինալ սերիալներ, որոնց հասցեին արդարացի քննադատությունները շարունակվում են առ այսօր, երեխաների և երիտասարդների վրա, ըստ մասնագետների, ուղղակի ազդեցություն ունեն` բառապաշարից մինչ ֆիլմերում ներկայացված հանցագործ աշխարհի հերոսների պահվածքի ընդօրինակում:

Ավելի վաղ «Մեդիալաբին» տված հարցազրույցում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյան նշել էր, թե կրիմինալ սերիալները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել դպրոցներում` անկառավարելի դարձնելով երեխաներին, դպրոց բերելով գողական բառապաշար և դաստիարակության առումով դժվարին կացություն ստեղծել:

Իսկ երբ անցյալ տարի պաշտոնապես հանցագործությունների «աննախադեպ» աճ արձանագրվեց նախորդ տարվա համեմատությամբ` գերազանցելով 60-70 տոկոսը, վերլուծաբաններն «ակտիվությունը» կապեցին ոչ միայն տնտեսական ճգնաժամի և սոցիալական վիճակի, այլև մեծ ժողովրդականություն վայելով կրիմինալ սերիալների ազդեցության հետ:

«Ես համոզված եմ, որ մուլտֆիլմը միանշանակ դրականորեն կանդրադառնա երիտասարդության վրա»,- «Մեդիալաբին» ասում է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը`անդրադառնալով կրիմինալ սերիալներին: – Էպոսը շատերը չեն կարդա, սակայն մուլտը հաստատ կդիտեն և կտեսնեն ուժեղ, արժանավոր կերպարներ»:

Գունազարդ, վեհ կերպարներով և հիմնական հերոսներից մեկի` Առյուծ Մհերի որդի, անհավանական ուժի տեր, սակայն միամիտ Սասունցի Դավիթը, ըստ Երևանի բնակչուհի Նատալյա Նազարյանի` պետք է երեխաների համար լինի այն կերպարը, որին կուզենան նմանվել երեխաները և, ինչու չէ, նաև մեծերը:

«Ես ուղղակի հպարտ եմ, որ մենք վերջապես ունեցանք մեր հերոսին, և շատ ուրախ եմ, որ այսօր երեխաներիս բերել եմ կինոթատրոն մեծ էկրանին մուլտը դիտելու»,- «Մեդիալաբին» ասում է 37-ամյա Նազարյանը: – Եվ նրանք էլ շատ ոգևորված են»:

Հունվարից 25-ից Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում օրական մի քանի անգամ ցուցադրվող գրեթե 80 րոպե տևողությամբ «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը ներառում է հայկական էպոսի չորս ճյուղերից երեքը, վառ կերպարներով, վառ գույներով, հայկական երգ- երաժշտությամբ և «5+1» ձայնային համակարգի հնչողությամբ դիտելն այնքան էլ մատչելի չէ. տոմսի արժեքը 1500 դրամ է:

Սակայն տոմսավաճառները «Մեդիալաբին» ասում են, որ տոմսերի ամրագրման նման «բում», այն էլ`մուլտֆիլմի համար, իրենք չեն հիշում:

«Նման հետաքրքրություն մուլտի հանդեպ ես չեմ հիշում»,- «Մեդիալաբին» ասում է կինոթատրոնի տոմսավաճառը:

Լաուրա Հարությունյանն ասում է, որ տոմսը թեև թանկ է, սակայն ինքը շատ էր ուզում, որ թոռնիկները հայկական էպոսին փոքր տարիքից ծանոթանան:

«Տարիներ շարունակ մենք կինոթատրոն չէինք եկել, բայց այս անգամ ցանկությունը շատ մեծ էր»,- «Մեդիալաբին» ասում է 60-ամյա Հարությունյանը: – Ֆիլմում պահեր կային, որոնք ինձ շատ հուզեցին, միգուցե երեխաների համար մի քիչ բարդ է: Ամեն դեպքում, սպասումներս ավելի շատ էին: Սակայն, չեմ կարծում, որ մեկ մուլտֆիլմը կարող է այլընտրանք լինել օրական մի քանի անգամ ցուցադրվող սերիալներին: Կարծում եմ` երեխաներն ավելի մեծ ուշադրության են արժանի»:

Ֆիլմից ավելի մեծ սպասելիքներ ունեցող մեկ այլ հանդիսատես գոհ չէր անորոշ վերջաբանից, իսկ վեցամյա մի աղջնակ «Մեդիալաբին» ասում է, որ ինքը մուլտի լեզվից բան չհասկացավ:

«Գյուղի լեզվով էին խոսում, ես բան չհասկացա ու շատ հոգնեցի»,- ասաց աղջիկը «Մեդիալաբին»:

Մուլտֆիլմի պրոդյուսեր Գևորգ Գևորգյանը համաձայն է, որ ֆիլմում որոշակի չկանխատեսված «թերություններ կան», սակայն միևնույն ժամանակ հավելում է, որ այն արդեն բարձր գնահատականների է արժանացել միջազգային մասնագետների կողմից:

Գևորգյանն ասում է, որ արդեն սկսել են մեկ այլ անիմացիոն լիամետրաժ ֆիլմի` «Անահիտի» աշխատանքները, իսկ «Սասնա ծռերը», ըստ նրա, առաջիկայում կներկայացվի միջազգային կինոփառատոների:

«Սա լիամետրաժ մուլտֆիլմ նկարահանելու մեր առաջին փորձն է անկախ Հայաստանում, բայց միանշանակ լուսավոր կետ է իրականության մեջ»,- ասում է Գևորգյանը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am