ՏՄՊՊՀ-ն շաքարի շուկայում նկատած գնանկումը գնահատել է ոչ համաչափ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի ապրանքային շուկաներում հարուցել է վարույթներ, իսկ շաքարի շուկայում նկատած գնի նվազումը գնահատել ոչ այնքան համաչափ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե բացի պաշտպանիչ միջոցներից, այլ շուկաներում գնային առումով ի՞նչ վիճակ է:

«Կան հարուցված վարույթներ՝ մի շարք ապրանքային շուկաներում՝ ձեթի, հավի, բդի: Նաև որոշակի գործընթաց էինք սկսել շաքարի շուկայում, բայց այնտեղ հակառակ գործընթացն էր տեղի ունեցել, գնի նվազում կար, որը գնահատել էինք ոչ այդքան համաչափ: Կարագի ապրանքային շուկայում ևս ունենք հարուցված գործ, սակայն դա կապված է ոչ թե գնի բարձրացման, այլ ուրիշ երևույթի հետ»,-ասաց Գևորգյանը:ՏՄՄՊՀ-ն, ընդհանուր առմամբ, ուսումնասիրել է 44 ապրանքային շուկա: Գևորգյանի խոսքով՝ բացի մի քանի ապրաքներից՝ ցիտրուսային մրգեր, կոճապղպեղ, դիմակներ, այլ բարձրացումներ չեն նկատվել այս ժամանակահատվածում:Նրա գնահատմամբ՝ դոլարի կուրսի տատանումը և ճանապարհածախսի որոշակի թանկացումը շատ փոքր ազդեցություն են թողել, գների էական բարձրացում չի եղել:

«Ընդ որում, առաջին սպառողական ապրանքներում գների նվազում կա: 2018, 2019 թթ. համեմատ այդ նվազումն ակնհայտ է»,-ասաց Գևորգյանը:  Նա վստահեցրեց, որ այս պահին որևէ դեֆիցիտ չկա: ՏՄՊՊՀ նախագահը հիշեց՝ միայն մի պահ եղավ կոճապղպեղի մասով, բացատրեց՝ բնակչությունը միանգամից մեծ գնում կատարեց, և այն արագ սպառվեց մինչև նոր ներկրում տեղի ունեցավ: «Սկզբնական էտապում դիմակների հետ կապված էլ կար դեֆիցիտ, դա ամբողջ աշխարհում տիրող խնդիր էր, որովհետև այն երկրները, որոնք արտահանում են անում, չէին արտահանում, քանի որ ներքին սպառման խնդիր ունեին»,-ասաց Գևորգյանը: