Հայ ստամոքս, հայ սիրտ, հայ շատրվան

Օրերս հայկական մամուլը գրեց, որ երբ Հայաստան էր այցելել ՌԴ նախագահի վերահսկողական ծառայության պետ Կոնստանտին Չույչենկոն, պաշտոնական հանդիպումներից հետո Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը նրա հետ խնջույքից եւ ջերմ կենացներից հետո մտահղացել է ռուսաստանցի հյուրին օրիգինալ նվեր մատուցել Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տեսքով: Հովսեփյանը, ըստ մամուլի հրապարակումների, զանգահարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ պատվիրել շատրվաններ Ռուսաստանի օրհներգով:
Պատվիրված երաժշտությունը հայտնվել է Youtube-ում: Տեսագրությունից նկատելի է, որ շատրվանները Ռուսաստանի օրհներգի տակ “պարում” են գիշերը բավական ուշ ժամի, ինչի մասին վկայում է Նալբանդյան փողոցում ընդամենը մեկ-երկու ավտոմեքենայի երթեւեկը: Այսինքն, ակնհայտ է, որ շատրվանները “պարում” են արտահերթ, ու քանի որ Ռուսաստանի օրհներգի տակ են պարում, երեւի թե պարզ է դառնում, որ խոսքը հենց մամուլում հայտնված տեղեկության մասին է:
Հասկանալի է, որ երբ Հանրապետության հրապարակը աստիճանաբար վերածվում է ռեստորանա-հյուրանոցային օբյեկտի, պատվերով երաժշտությունն այստեղ արդեն դառնում է միանգամայն օրինաչափ ու բնականոն երեւույթ: Եվ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը:
Մյուս կողմից, քանի դեռ հրապարակը ֆորմալ առումով Հանրապետության անվան է, եւ քանի դեռ ֆորմալ Հանրապետությունը գոյություն ունի, չինովնիկներին լավ կլինի գոնե մի քիչ համբերել:
Իսկ եթե լուրջ, ապա առ այսօր որեւէ մեկը պատասխան չի տվել, թե ով է Հայաստանի Հանրապետության հրապարակում կեսգիշերին ռուսական օրհներգ պատվիրում եւ անձնական քմահաճույքի համար ծառայեցնում հանրային ենթակառուցվածքը, պետության արժանապատվության հաշվին քծնանքի երեկո կազմակերպելով Հայաստանի գլխավոր հրապարակում: Կարդալ ավելին