«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը
– «Ես կողմ եմ սահմանազատմանը, քանի որ այսօր մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։ Քսան տարի ադրբեջանցիները ժամանակակից զենք-զինամթերք էին առնում, իսկ մեր նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղված», ասել է Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։ Պարո՛ն Շարմազանով, երբ նման հայտարարություն է անում բանակի հետ անմիջական կապ ունեցող անձը, նույն այդ բանակի զինվորը ինչպե՞ս պետք է իրեն զգա կամ ի՞նչ հետևություններ անի։
– Դա «տրոյական ձիու» հայտարարություն է, այսինքն՝ տվյալ երկրի դարպասները ներսից բացող անձի։ Ո՛նց կարելի է մի կառույցի ղեկավար, որի առաքելությունը երկրի սահմանները պահելն է, նման հայտարարություն անի։ Բա եթե, Աստված մի արասցե, իրենց համար սրբություն համարվող 29.743 քառակուսի կիլոմետրի վրա Ադրբեջանը որոշի հարձակվել, այդ բանակը ո՞նց է կռվելու, ինչպե՞ս է պաշտպանվելու։ Սա խոսում է այն մասին, որ իրենք զբաղված են բանակը կազմաքանդելով, մարտական ոգին կոտրելով, պարզ չէ՞։ Հայաստանում անամոթության ու բարոյազրկման լուրջ խնդիր կա։
– Բայց իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես, ԱԺ նախագահը վստահեցնում են, թե խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ է քաշելու զորքերը մեր տարածքից։
– ԱԺ նախագահի աթոռին բազմած անձնավորությունը 2021-ին վստահ էր, որ Արցախում ապագա կա, մենք տեսանք, թե ո՛րն էր այդ ապագան։ Այսինքն՝ այս մարդկանց հայտարարություններին լուրջ վերաբերվելը մեծ պատիվ կլինի։
– Սասուն Միքայելյանի հայտարարությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ բանակում արվող բարեփոխումների, սպառազինություն ձեռք բերելու հայտարարությունները, որոնց մասին ասում է իշխանությունը, այնքան էլ արժանահավատ չեն։
– Բարեփոխում են՝ վեցուկես տարի է՝ քանդում են բանակը, բանակի հրամանատարների մեծ մասին դավաճան ու կոռուպցիոներ են համարել, մարտական ոգին ջարդել են, դրա համար էլ պատերազմից հետո Ադրբեջանը շվշվացնելով օկուպացրեց մեր տարածքները։ Եթե զինվորը տեսնում է, որ պետությունն իր թիկունքին կանգնած չէ, մի բան էլ՝ ի լուր աշխարհի ասում է, որ մենք թույլ ենք, չենք կարող կռվել Ադրբեջանի դեմ, ի՞նչ մարտական ոգով պետք է երկիր պաշտպանի։
Պատկերացրեք՝ ինչ-որ մի մարզաձևի մարզիկի, որին մրցումից առաջ իր մարզիչն ասի՝ դու թույլ ես, չես կարող կռվել հակառակորդիդ հետ, այդ մարզիկը կարո՞ղ է հաղթել, նրան արդեն նախապես հոգեբանորեն տրամադրել են պարտության։ Հիմա, եթե իրենք բանակի մարտական ոգին կոտրում են, բանակին վերագրում են պարտությունը միանգամից, էդ բանակը ո՞նց է պայքարելու։
Սասուն Միքայելյանը ալան-թալանից է խոսում, 2020 թվականի պատերազմից հետո 4-5 միլիարդ դոլարի զենքը հայտնվեց Բաքվի զորահանդեսում, էդ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյա՞նն էին բերել էդ զենքերը, իրենց բերածը երկու ինքնաթիռ էր, որ այդպես էլ օդ չբարձրացավ։ Այս մարդիկ ամեն կերպ փորձում են իրենց արդարացնել, վաղը մնալու է Երևանն իր շրջակայքով, ասելու են՝ մենք ձեզ փրկեցինք, կարևորը՝ ինքնիշխան ենք։
– Պարո՛ն Շարմազանով, կարելի՞ է համարել, որ մարդկանց նախապատրաստում ինչ-ինչ զարգացումների, որ մարդիկ ասեն՝ դե թույլ է մեր բանակը, այլ ելք չկար։
– Սա նոր բան չէ, Նիկոլ Փաշինյանը, հիշո՞ւմ եք, որ պատերազմից հետո ասաց՝ հաղթելու համար պետք չէ ուրիշին հաղթել, պատերազմի առաջին օրն ասաց՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ պատահի, մենք մեզ պարտված չենք համարի։ Սա, այո՛, պատահականություն չէ, քաղաքական գիծ է, որ սրանք տանում են։ Նույն Սասուն Միքայելյանն ասում է, թե մենք անկախ պետություն չենք եղել, Ռուսաստանի ֆորպոստ ենք եղել, այդ «ֆորպոստի» ժամանակ երկու հայկական պետություն կար, ու սահմանին հայկական զորքն էր կանգնած, Հայաստանի ոչ մի սանտիմետր գրավված չէր, այդ նույն ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ ինքը բոլոր հարթակներում պարտված է։
Սրանք ունեն ադամական բարդույթ․ Աստված ասաց՝ պտուղը մի կեր, պտուղը կերավ, ասաց՝ Եվան դրդեց, հիմա սրանք փոքրիկ ադամներ են, սխալները գործում են իրենք, բայց եվաներն են մեղավոր։ Սրանք էնքան իրարից անտեղյակ են, որ իր շեֆը Կոբախիձեին շնորհավորում է՝ ընտրություններում հաղթելու համար, իսկ նույն Սասուն Միքայելյանն ասում է, որ Ռուսաստանն է Վրաստանում հաղթել։
Ինձ համար ամեն ինչ պարզ է, նույն Սասուն Միքայելյանն է հայտարարել, որ 2018-ի հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան շարժումը, էլ ի՞նչ եք ուզում։ Այս իշխանությունը Հայաստանի թրքահպատակության խորհրդանշանն է, նրանք ունեն Հայաստանի ազգային նկարագրությունը զրոյացնելու նպատակ։ Այս իշխանությունը իր բովանդակությամբ ամբողջությամբ հակառակ է, եթե ոչ թշնամի, Վազգեն Սարգսյանի կերպարին ու նրա քաղաքական ու գաղափարական ժառանգությանը, որովհետև նրա գաղափարական ժառանգությունը ազգային պետության, հայկական Արցախի ու ուժեղ բանակի մեջ էր։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















