ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն

Հեղինակ MediaLab

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ, այցելել է Շուշի քաղաքում գտնվող ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:

Հանրապետության նախագահը շրջայց է կատարել վարչության քրեակատարողական հիմնարկի ու քննչական մեկուսարանի տարածքում, ծանոթացել դրանց պայմաններին, զրուցել ազատությունից զրկված անձանց ու հիմնարկի աշխատողների հետ: Ա. Հարությունյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց համար ինչպես սոցիալ-կենցաղային, այնպես էլ օրենքով նախատեսված տարբեր պայմանների պատշաճ ապահովումը:

Նա շեշտադրել է, որ ազատազրկման վայրերում պետք է բացառվեն խոշտանգման ու վատ վերաբերմունքի դեպքերը՝ ընդգծելով, որ նման դեպքերն արժանանալու են պետության խիստ արձագանքին:

Մարդու իրավունքների պաշտպանը և ոստիկանության պետը ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք վերաբերում էին և՛ խոշտանգումների կանխարգելմանը, և՛ արտակարգ իրավիճակով պայմանավորված հիմնախնդիրներին, և՛ սոցիալ-կենցաղային պայմաններին:

Հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ առաջիկա օրերին արդեն գործնական քայլեր կձեռնարկվեն որոշ հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ, ներառյալ՝ տեսազանգի հնարավորության ստեղծում, շենքային որոշ պայմանների բարելավում և այլն:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: