Բրիտանացի հետազոտողները պնդում են, որ դեքսամետազոնը կարող է փրկել կորոնավիրուսից

BBC-ն հաղորդում է, որ ցածր դեղաչափով ստերոիդ պարունակող դեքսամետազոնը մեծ առաջընթաց է կորոնավիրուսի դեմ պայքարում։

Ըստ մեծ Բրիտանիայի փորձագետների՝ դեքսամետազոնը մեկ երրորդով կրճատել է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված պացիենտների մահացության վտանգը, թթվածնային սարքերին միացվածներինը՝ մեկ հինգերորդով։

Եթե դեքսամետազոնը կիրառվեր Մեծ Բրիտանիայում համաճարակի սկզբից, հնարավոր կլիներ մինչև 5000 մարդու կյանք փրկել։

Բացի այդ, ըստ հետազոտողների, այն կարող է հսկայական օգուտ բերել անապահով երկրներին, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով հիվանդների բարձր թվեր։

Ըստ Օքսֆորդի համալսարանի իրականացրած փորձի՝ դեղորայքը ստացած 2 000 պացիենտի, և այն չստացած 4 000 անձանց համեմատական տվյալները ցույց են տալիս, որ օդափոխության սարքերին միացվածների համար մահվան վտանգը 40 տոկոսից նվազել է 28 տոկոսի, իսկ թթվածնի կարիք ունեցողների համար մահվան վտանգը կրճատվել է 25 տոկոսից 20 տոկոսի։

Գլխավոր փորձագետ Փիթեր Հորբին հայտնել է, որ դեքսամետազոնը կորոնավիրուսի պատճառով մահացության ռիսկը նվազեցնող առաջին դեղամիջոցն է, և սա հսկայական առաջընթաց է։