Ադրբեջանի նախագահը ինքն իրեն դրել է փակուղու մեջ․ Նիկոլ Փաշինյան

 Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուժի կիրառումն անհետևանք չի մնա, և դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում: Սա հասկանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Ավելի քան 15 տարի նա սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվանում են օֆշորային գոտիների՝ հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին:

Ու հիմա նա չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա: Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը և ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը:

Նրա խոսքով՝ սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «արևմտյան ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու այսպես կոչված, «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում:

«Բայց ես ուզում եմ հենց այս իմաստով ընդգծել, որ մենք, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում ենք մեր ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության մասին, և այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլև մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր:

Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին և լինենք ուժեղ, ամուր, բայց և չտրվենք անիմաստ և անհեթեթ սադրանքների:

Առավել ևս այժմ, երբ մեր հասարակությունները պայքարում են գլոբալ մարտահրավերի՝ նոր կորոնավիրուսի համավարակի դեմ, մենք պետք է կոչ անենք՝ զերծ մնալ թշնամական գործողությունների քարոզից:

Ուզենք, թե չուզենք՝ պատմությունը և աշխարհագրությունը մեզ դարձրել են հարևաններ, և մենք պետք է ելնենք այն պարզ ճշմարտությունից, որ մեր ժողովուրդներն իրավահավասար են, չեն կարող լինել մեկը մյուսի տիրապետության ներքո և պետք է տնօրինեն իրենց ճակատագիրն իրենց կամքի, ինքնորոշման իրավունքի համաձայն: Այս իրավահավասարության ընդունումը մեծապես կնպաստի մեր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը և մեր տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն զարգացման հուսալի հիմքեր կդնի»,- նշել է ՀՀ վարչապետը: