ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանը հարցերին Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանը հարցերին Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանը հարցերին Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսին

Ես կցանկանայի ողջունել այսօր Հայաստան այցելող Շվեդիայի, Լեհաստանի և Բուլղարիայի իմ գործընկերներին` պարոն Կարլ Բիլդտին, Ռադոսլավ Սիկորսկուն և Նիկոլայ Մլադենովին: Հատկապես կցանկանայի ողջունել Նիկոլայ Մլադենովին, ով առաջին անգամ է այցելում Հայաստան: Շվեդիայի և Լեհաստանի իմ գործընկերները նախկինում եղել են այստեղ:

Այսօր այս երկրների հետ մենք բավական լայնածավալ երկկողմ համագործակցություն ունենք, որը հիմնված է բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա: Մենք համագործակցում ենք թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ շրջանակներում:

Հատկապես ես կցանկանայի նշել Արևելյան գործընկերության նախաձեռնությունը, որի ակունքներում եղել են Շվեդիան և Լեհաստանը, և այսօր էլ կարևոր դերակատարություն ունեն Բուլղարիայի և այլ երկրների հետ միասին: Մենք կարևորում ենք այս նախաձեռնությունը և այդ շրջանակներում արդեն բավական կարևոր քայլեր են արվել:

Մենք արդեն հայտարարել էինք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, որ մոտեցել ենք դրանց ավարտին: Առաջընթաց է արձանագրվել նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցություններում: Հուսով ենք, որ այս բանակցային գործընթացն ավարտին կհասցվի մինչ մյուս տարվա նոյեմբեր ամիս` Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:

Ավարտել ենք վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունները և շուտով` մի քանի օրից, կստորագրենք համապատասխան համաձայնագիրը: Դա լավ հնարավորություններ կտա Հայաստանի երիտասարդությանը, ուսանողներին, մշակութային գործիչներին, գործարարներին, սպորտի և այլ բնագավառների ներկայացուցիչներին ավելի դյուրին կերպով մուտք գործել Եվրոպական միության երկրներ:

Մենք նաև օգտագործեցինք առիթը քննարկելու գալիք Վիլնյուսյան գագաթնաժողովը, անդրադարձանք մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի:

Ես տեղեկացրեցի իմ գործընկերներին Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների, կարգավորման հետ կապված վերջին զարգացումների մասին:

Այսքանով եզրափակեմ և խոսքը փոխանցեմ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիին:

 

News.am լրատվական գործակալություն, Մարիամ Լևինա. Հարցս ուղղված է ՀՀ արտգործնախարարին: Պարո՛ն Նալբանդյան, Դուբլինի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարություններով է հանդես գալիս` մեղադրելով Հայաստանին, որ հնգակողմ հայտարարությունը չընդունվեց հայկական կողմի պատճառով: Ինչպես կմեկնաբանեք այդ մեղադրանքները:

Էդվարդ Նալբանդյան. Ես կառաջարկեի համեմատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ելույթները Դուբլինում և դուք կտեսնեք, որ ինչ-որ ասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարը համահունչ է եռանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը:

Իսկ ի՞նչ է Ադրբեջանի նախարարը։ Իրենք ասում են, իրենք` լսում: Ես հիշեցնեմ, որ դա առաջին անգամը չէ, որ չստացվեց հնգակողմ հայտարարությունը, այդպիսի դեպքեր եղել են: Օրինակներից մեկը՝ Ալմաթայում 2010 թվականի հուլիսին հնգակողմ հայտարարություն էր պատրաստվում, բայց Ադրբեջանը պնդում էր տարածքային ամբողջականության սկզբունքի կարևորության, գերակայության վրա՝ համեմատած այլ սկզբունքների հետ: Ավարտվեց նրանով, որ չեղավ հնգակողմ հայտարարություն, բայց եղավ եռակողմ հայտարարություն, որտեղ եռանախագահները նշեցին, որ բոլոր սկզբունքները և դրույթները, որոնք առաջարկվել էին եռանախագահների կողմից, մեկ ամբողջություն են և չի կարելի բաժանել մեկը մյուսից և որևէ սկզբունք, որևէ դրույթ չի կարող գերակայել մյուսների նկատմամբ:

Այս անգամ ադրբեջանցիները, չգիտես ինչու, չուզեցան, որ երեք հայտնի սկզբունքները՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն, անգամ հիշատակվեն: Ինչի՞ն հասան։ Հնգակողմ հայտարարություն չեղավ, բայց եղավ եռակողմ հայտարարություն, որտեղ եռանախագահները ընդգծեցին այս երեք սկզբունքները: Ավելին ես ասեմ, Դուբլինում եռանախագահների կողմից արված հայտարարությունը ողջունելի է Հայաստանի կողմից և մենք կարող ենք նույն հայտարարությունն անել: