«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
– Պարո՛ն Միքայելյան, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» պահանջը հայելային արտացոլումն է այն բանի, որ արցախահայությունն էլ այստեղ խորհրդարանի նախագահ է ընտրում, երկրի նախագահ է ընտրում: Ինչպե՞ս եք գնահատում Սիմոնյանի այս հայտարարությունը:
– Այդ հայտարարությունը սովորական տրամաբանության մեջ չի տեղավորվում, անկեղծ ասած, դա միանշանակ աջակցություն է ադրբեջանական քարոզչական գծին, ես նույնիսկ Ալիևից չեմ լսել, որ Արցախի խորհրդարանի կողմից նախագահի ընտրությունը հավասարազոր է «Արևմտյան Ադրբեջանի»: Մենք գործ ունենք Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից կանոնավոր ադրբեջանական քարոզչության վերարտադրության ու հայկական դաշտ ներմուծման վարքագծի հետ:
Երկրորդ՝ ընդգծված հակաարցախյան քաղաքականություն է, որ 2021-ից արդեն դարձել է հրապարակային: Երրորդ՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ առաջին լուրջ շահարկումը եղել է Ադրբեջանում 1998 թվականին, երբ հրատարակվել է իշխանության կողմից հովանավորվող «Արևմտյան Ադրբեջանի պատմական աշխարհագրություն» գիրքը, որում բոլոր հայկական բնակավայրերի անվանումները, պատմությունը կեղծված են ներկայացվել: Այսինքն՝ 90-ականների կեսերից սկսած, Ադրբեջանի կողմից վարվում է քաղաքականություն, որն ունի հակահայկական բնույթ ու բնավ չի ենթադրում Հայաստանի հետ խաղաղ ապրել: Դեռ սովետական ժամանակներից Ադրբեջանը նման քաղաքականություն է վարել, ինչը ընդգծվել է ներկայիս իշխանության օրոք ու, բնականաբար, Թուրքիայի օժանդակությամբ: Այսինքն՝ Ալիևի այդ պահանջը բնավ կապված չէ Արցախի նախագահ ընտրելու հետ:
«Արևմտյան Ադրբեջան» թեման ենթադրում է ողջ Հայաստանի վերացում, դրա համար էլ Ադրբեջանը առաջ է բերում այդ թեզը, որպեսզի նորմալիզացնի ու լեգիտիմացնի Հայաստանի դեմ հաջորդ տոտալ պատերազմը: Այն, որ Ալեն Սիմոնյանը հիմա զուգահեռներ է գծում Արցախի նախագահի ընտրության ու «Արևմտյան Ադրբեջան» ալիևյան եզրույթի միջև, փաստական, ժամանակագրության ու զուգահեռների տեսանկյունից կեղծ է ու լեգիտիմացնում է Ադրբեջանի հետագա հարձակումը Հայաստանի վրա: Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը միանշանակ խնդրահարույց է այն առումով, որ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը Հայաստանի նկատմամբ:
– Ստացվում է, որ նման հայտարարություններով գործող իշխանությունը նաև փորձում է արդարացնել իր վարած քաղաքականությո՞ւնը:
– Անկասկած, ներքին մղումը դա է, բայց բացասական հետևանքները լինելու են շատ մեծ, այն, որ ես ասում եմ՝ նա լեգիտիմացնում է Հայաստանի դեմ հաջորդ ագրեսիան, դա իհարկե գիտակցաբար չի անում, համենայնդեպս, հույս ունեմ: Հետևանքը կարող է լինել այն, որ հաջորդ օրը Ալիևը կարող է ասել՝ ընտրություն են անում, ուրեմն մենք առաջ ենք տանում «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքականությունը, թեև, արդեն ասացի, որ մեկը մյուսի հետ բնավ էլ կապ չի ունեցել ու չունի: Բայց Ալեն Սիմոնյանի այդ պնդումը լեգիտիմացնում է Ադրբեջանի փորձերը:
– Պարո՛ն Միքայելյան, այն, որ գործող իշխանությունը հայտարարում է, թե արցախահայության իրավունքների պաշտպանության պահանջները, այստեղ կառավարության կամ խորհրդարանի գործունեության փաստը վտանգում են Հայաստանին, մեծ հաշվով, դուք հիմնավոր չե՞ք համարում:
– Այո՛, ես նման մտածելակերպի հիմքում տեսնում եմ հետևյալը, որ Ադրբեջանի պահանջներն արդարացի են, նրանք ճիշտ են, հայկական կողմը սխալ է: Սրան պետական դավաճանությունից զատ այլ բնորոշում տալը դժվար է, Ադրբեջանը միշտ է զավթողական նպատակներ ունեցել, ու արցախահայության իրավունքների համար պայքարելը երբեք Ադրբեջանի համար առիթ չի եղել, որպեսզի նման քաղաքականություն վարի:
Նման հայտարարություններից ենթադրել կարելի է, թե ագրեսորը մենք ենք, Ադրբեջանն էլ ստիպված գնում է նման քայլերի, որ պաշտպանվի, բայց, նորից եմ ասում՝ այս ամենը պատմական տեսանկյունից կեղծ է, իսկ քաղաքական տեսանկյունից՝ սխալ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















