«Մհեր Արշակյանի հասցեին հնչած սպառնալիքներն իշխանության կողմից են ուղղորդված, այդ պատճառով էլ իրավապահները պատշաճ ընթացք չեն տալիս գործին». Իրավապաշտպաններ

«Մհեր Արշակյանի հասցեին հնչած սպառնալիքներն իշխանության կողմից են ուղղորդված, այդ պատճառով էլ իրավապահները պատշաճ ընթացք չեն տալիս գործին». Իրավապաշտպաններ
«Մհեր Արշակյանի հասցեին հնչած սպառնալիքներն իշխանության կողմից են ուղղորդված, այդ պատճառով էլ իրավապահները պատշաճ ընթացք չեն տալիս գործին». Իրավապաշտպաններ

Լրագրող և հրապարակախոս Մհեր Արշակյանի հասցեին հնչած սպառնալիքներն իշխանության կողմից են ուղղորդված, այդ պատճառով էլ իրավապահները պատշաճ ընթացք չեն տալիս գործին: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով այս գործի կարճմանը: Նրա խոսքով՝ ակնհատ է, որ որևէ մեկն հենց այնպես, առանց պատվերի սպառնալիք չէր հնչեցնի լրագրողի հասցեին:

«Տվյալ դեպքում, իմ կարծիքով, մենք գործ ունենք իշխանության կողմից ուղղորդված սպառնալիքի հետ: Եվ քանի որ իշխանությունների կողմից է ուղղորդված, բնականաբար, իրենք իրենց կողմից ուղղորդված սպառնալիքի հեղինակին չէին գտնի»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

Նշենք, որ Մհեր Արշակյանին սպառնալիքներ հղելու վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2017 թ. հոկտեմբերի 24-ին քրեական գործ էր հարուցվել, բայց պարզվում է՝ երկու ամիս անց այն կասեցվել է: Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության դատախազ Ա. Մնացականյանը:

2017 թ. հոկտեմբերի 1-ին Մհեր Արշակյանը Medialab.am կայքում հրապարակել էր «Գորիկ Հակոբյան. Հրեշը» հոդվածը, որից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լրագրողի հասցեին գրել էր. «Ամեն առավոտ տնեցիքիդ գիրկընդխառը հաջող կանես դուս գալուց առաջ, չի մարսվելու ես հոդվածդ… այ ոչ մի ճանփա չանցած ուրիշի տղա»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2017 թ. հոկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազություն, բայց դրա հիման վրա կայացված որոշումն այդպես էլ չէր ստացվել: Եվ ահա հաղորդում ներկայացնելուց երեք ամիս անց գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին՝ որոշումն ստանալու հարցով: Ըստ պատասխանի՝ 2017 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: Այստեղ «նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննությամբ կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի չի դարձել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը, վարույթն իրականացնող մարմնի կողմից 2017 թ. դեկտեմբերի 22-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կասեցնելու մասին»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է, որ եթե իրավապահ մարմինները չեն բացահայտել սպառնալիքի հեղինակին, և եթե իսկապես նրանք ճիշտ պատասխան են տվել, դա ցույց է տալիս, որ նրանք մասնագետ չեն:

«Եվ պետք է հրաժարական տա ամբողջ կազմը: Ես իհարկե հիացած չեմ մեր իրավապահների մասնագիտական հմտություններով, բայց սա այն գործն է, որ նրանք հանգիստ կարող էին բացահայտել»,- ասում է Իշխանյանը:

Այսինքն՝ նրա խոսքով՝ հերթական անգամ գործ ունենք ընտրովի արդարադատության և անպատժելիության մթնոլորտի հետ: Իշխանյանը նկատում է, որ ընդհանրապես նման դեպքերում Հայաստանում կամ գործեր չեն հարուցվում, կամ էլ հարուցվելուց հետո կարճվում են:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ եթե նման սպառնալիքներ հնչեին Սերժ Սարգսյանի կամ որևէ պաշտոնատար անձի հասցեին, ապա իրավապահներն անպայման կգտնեին սպառնալիքների հեղինակին՝ գործի դնելով ժամանակակից տեխնոլոգիաները:

«Իսկ տվյալ դեպքում, քանի որ խոսքը վերաբերում է մի լրագրողի, ով բավական համաձակ շեշտադրումներով է գրում, և, ընդհանրապես, նրա սուր հոդվածները բացահայտում են իշխանության քաղաքականության ողջ էությունը, բնականաբար, իշխանություններն այնքան էլ չեն ողջունում նման գործելաոճը և մեծ ջանքեր չէին գործադրի սպառնալիքների հեղինակին գտնելու համար»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջիկայում զբաղվելու է այս գործով: Արթուր Սաքունցի խոսքով՝ նախևառաջ պետք է պարզել, թե գործի շրջանակներում ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել: «Այսինքն՝ պետք է պարզենք՝ իրենք պատշաճ քննություն կատարե՞լ են, թե՞ ոչ: Ապա, ըստ այդմ, կորոշենք մեր հետագա անելիքները»,- ասաց Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am