Հայաստանի թանգարանները ընթացիկ տարում հյուրընկալել են 1. 2 մլն այցելուի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները 2023-ին հյուրընկալել են շուրջ 1. 2 մլն այցելուի, իսկ պետական բյուջեից թանգարանների և գրադարանների ոլորտին հատկացվել է շուրջ 2. 7 մլրդ դրամ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«2023-ին մշակվել և շրջանառվում է Թանգարանների զարգացման, կառավարման հիմնադրամը, որը պետք է աջակցող մարմին լինի թանգարանների համար և իր վրա վերցնի թանգարանների բեռը՝ մարքեթինգի, հանրահչակման և այլ գործառույթներ: Այս հիմնադրամը թանգարաններին հնարավորություն կտա ավելի շատ տեսանելիություն ունենալ, ավելի շատ այցելուներ հյուրընկալել և բարձրորակ միջոցառումներ կազմակերպել»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ կառավարման համակարգում արդիականացում իրականացնելով՝ գնում են օպտիմալացման:

«Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը միացրել ենք Հրազդանի երկրագիտական թանգարանին: Այս կառույցները դարձել են Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ: Մենք այդ ճանապարհով ենք գնում, քանի որ նման պարագայում մարզային թանգարանները կարողանում են կիրառել Հայաստանի պատմության թանգարանի փորձը և հնարավորությունները»,-հավաստիացրեց  փոխնախարարը:

Քոչարյանը 2023-ի կարևոր նախաձեռնություն է համարում միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը: Ծրագիրն արդեն պատրաստ է, և հաջորդ տարի տեխնիկական հագեցվածությունը կապահովվի:

Ալֆրեդ Քոչարյանն ընդգծեց, որ սահմանվել են նախարարության ենթկայությամբ գործող թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիա) տոմսերի նոր սակագներն ու արտոնությունները, որոնց համաձայն մինչև 12 տարեկան երեխաների և Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների մուտքն անվճար է: Փոփոխվել ու վերանայվել է նաև դպրոցական բաժանորդային համակարգը:

«Կապիտալ վերազինման ուղղությամբ ևս լուրջ աշխատանք է իրականացվել. վերականգնվել է 2009 թվականից դադարեցված ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման նպատակով բյուջետային միջոցների տրամադրումը: 2023 թվականին տրամադրվել էր 44 մլն 320 հազար դրամ: Այդ գումարի շրջանակում պետական միջոցներով գնվել են թանգարանների ֆոնդերին անհրաժեշտ արժեքներ, իսկ մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը պետական աջակցությամբ համալրվել է  ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով»,-նշեց նախարարի տեղակալը:

Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահների կապիտալ նորոգում է ընթանում: Նախարարությունը որոշել է այն ամբողջությամբ վերակառուցել, նորոգել: Գործընթացը կշարունակվի նաև հաջորդ տարի:

«Պատկերասրահից բացի այլ թանգարանների գույքային կապիտալին ուղղվել են գումարներ: Հայաստանի ազգային գրադարանի ցանցային սերվերն ենք ձեռք բերել, գումար ենք հատկացրել, որով վերանորոգվելու են սանհանգույցները, Շարամբեյանի անվան թանգարանի սանհանգույցն է վերանորոգվելու, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի շքամուտքն է նորոգվելու, վերանորոգվել են  Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) թանգարանները, որոնք նաև վերաբացվել են, մեկնարկել են  Հովհաննես Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը: