2050-ի ծրագիրը հնարավոր է իրականացնել 2,5 մլն բնակչի ներգաղթ ապահովելով և տնտեսություն զարգացնելով. Ժողովրդագիր

Ռուբեն Եգանյանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը

– Պարո՛ն Եգանյան, վարչապետը օրերս ներկայացրեց Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որով ծրագրվում է Հայաստանի բնակչության թիվը 2050-ին հասցնել 5 մլն-ի։ Դուք՝ որպես մասնագետ, ի՞նչ եք կարծում, ապագա ունի՞ այս ծրագիրը։

– Դա բարի ու իմաստավորված ցանկություն է, բայց բարդ է իրականացման առումով։ Այսօր Հայաստանի թե՛ ժողովրդագրական, թե՛ միգրացիոն իրավիճակը ճգնաժամային է, պետք է նախ փորձել այդ հարցերը կարգավորել։

Դա ինքնին բարդագույն խնդիր է, որովհետև պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մի շարք գործոններով և՝ դժվար կարգավորելի։

– Դա կարո՞ղ է լինել ծնելիության աճով։

– Ո՛չ, հնարավոր չէ բնական վերարտադրությամբ նման իրավիճակ ապահովել։ Ներկայումս բնական վերարտադրության մասով Հայաստանի վիճակը շատ-շատ վատ է՝ ծնելիությունը նվազում է և, դատելով ամեն ինչից, շարունակելու է նվազել, մահացությունը, պայմանավորված բնակչության տարիքային կազմի բացասական տեղաշարժերով, աճում է ու շարունակելու է աճել։

Այնպես որ, հուսալ, թե դա հնարավոր կլինի ծնելիության բարձրացման և մահացության նվազման հաշվին, լուրջ չէ և, բացի այդ, հնարավոր չէ։ Վարչապետի նախանշած ծրագիրը իրականացնելու համար լավագույն լուծումը միգրացիան է՝ ապահովել բնակչության կայուն և ծավալուն ներհոսք այնպես, որ մինչև 2050 թվականը ունենանք մոտ 2,5 մլն ներգաղթ։

Այսօր, երբ ունենք բնակչության կայուն արտագաղթ, որը, իհարկե, վերջին երկու տարում նվազել է, առանց որևէ լուրջ փոփոխությունների հուսալ, որ դա կդադարի ու կվերածվի ներհոսքի, հնարավոր չէ։

Որպեսզի ներհոսք լինի, մեր կյանքի պայմանները այնքան պետք է բարելավվեն, այնքան պետք է լավանան, որ մեր բնակիչը չցանկանա մեզնից հեռանալ և ավելին՝ Հայաստանից գնացած մարդիկ ցանկանան վերադառնալ։

Իսկ վերադարձն ապահովելու համար անհրաժեշտ է, որ երկրի տնտեսությունը թռիչքաձև աճ ունենա։ Բայց համավարակը առաջացրեց խնդիրներ, երկրի շրջափակումը շարունակվելու է, տնտեսության մեջ չեն կատարվում հեղափոխական ներդրումներ։

Բայց եկեք չմոռանանք, որ վարչապետն ընդամենը մեկ միլիոնով է գերազանցել նախորդ իշխանությունների հայտարարած թիվը՝ նախկին նախագահը հայտարարել էր 2040-ին երկրի բնակչության թիվը հասցնել 4 մլն-ի։

Դա, իմ գնահատմամբ, էլ ավելի լուրջ չէր, քան այն, ինչ ասել է Փաշինյանը։ Նման հայտարարությունը մարդկանց մեջ դրական տրամադրություններ, հույսեր առաջացնելու նպատակ ունի։

– Վարչապետն այդ ռազմավարությունը ներկայացնելիս նաև խոսում էր տնտեսության զարգացման, աշխատատեղերի քանակի ավելացման մասին… 

– Բնական է, որ առանց նման բաների որևէ էական փոփոխություն չի լինի։ Այն, ինչ նա ասել է սոցիալ-տնտեսական առումով, եթե ռեալ է ու իրականացվի, միգուցե հնարավոր է բնակչության թվի աճ, բայց ինչքանով կմոտենա 5 միլիոնին, չեմ կարող ասել։

Եթե համավարակը ու դրանից բխող տնտեսական ճգնաժամը չլինեին, կարծում եմ՝ մեր վիճակն ավելի լավ կլիներ։

Նաև դատելով այն բանից, ինչ այսօր կատարվում է մեր քաղաքական դաշտում… շատ զզվելի երևույթներ են կատարվում, որոնք ինձ համար՝ որպես հայ մարդու ու մասնագետի, ընդունելի չեն։

– Ի՞նչն է մասնավորապես զզվելի, պարո՛ն Եգանյան։

– Նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, երբ նախկինները, մոռացած իրենց բոլոր արածները, փորձում են…

Ես առանձնապես դրական չեմ գնահատում նոր իշխանությունների բոլոր արածները, բայց, համենայնդեպս, այդ մարդիկ պետք է ինչ-որ ժամանակ ունենան դրսևորվելու։

Հիմա տեսեք՝ մի այնպիսի վիճակ է, որ քաղաքական ամբողջ դաշտը քննադատում է սրանց 5 միլիոնը՝ մոռանալով իրենց 4 միլիոնը։ 

– Պարզ է։ Պարո՛ն Եգանյան, դուք ասում եք՝ կա կայուն արտագաղթ, և նույնիսկ աճ եք հնարավոր համարում, բայց իշխանություններն ասում են, որ տեմպերն զգալի նվազել են։ Ի՞նչ է սա նշանակում։

– Այո՛, նվազում եղել է նոր իշխանությունների պաշտոնավարման առաջին տարում։ Ես դա բացատրում էի նաև այն հույսերով, որ ձևավորվել էր մարդկանց մեջ, նաև դրսում գտնվողների մեջ, որ հիմա ամեն ինչ կկարգավորվի, բացասական բոլոր իրողությունները կհաղթահարվեն, բայց, ինչպես ասում են, ուրբաթն ավելի շուտ եկավ, քան հինգշաբթին։

Այս վիրուսը իրավիճակը միանգամից ու արմատապես փոխեց, որի հետևանքով հնարավորությունները խեղդվեցին իրենց ծննդյան պահին։ 

– Մենք տեսնում ենք նաև, որ եվրոպական երկրներից հայերին վերադարձնում են։

– Այո՛, բայց դա երկար պրոցես է, և նրանց վերադարձնելուց առաջ երկար ժամանակ են տալիս պատրաստվելու և այլն։ Այնպես որ, դա անակնկալ չէր ու սպասելի երևույթ էր։

Եվ, բացի այդ, ծավալներն այդքան մեծ չէին՝ համեմատած այն զանգվածների հետ, որոնք կուտակված են այդ երկրներում։ Ինչ վերաբերում է լիբանանահայերին ու սիրիահայերին…

– Նրանք հայրենադարձ չե՞ն։

– Այդ երևույթը ես հայրենադարձություն չեմ կոչում, չնայած դեռևս սովետական ժամանակներից կոչվում է հայրենադարձություն։

Բառացի ընկալմամբ՝ հայրենադարձությունն այն է, երբ մարդը վերադառնում է իր նախկին բնակավայրը։ Այն, որ 40-ական թվականներին կային և մեծ խմբով եկան, ու որոնց մենք կոչում էինք ախպարներ, նրանք, ըստ էության, հայրենադարձ չէին, նրանք իրենց հայրենիքը չվերադարձան, իրենց բնօրրանը չվերադարձան։

Եկան Հայաստան, բայց ոչ իրենց հայրենիքը։ Հիմա նույն սիրիացին որ գալիս է Հայաստան, այդքան էլ հակված չեմ հայրենադարձություն կոչելու։ Նրանք, ի վերջո, գալիս են կյանքի պատճառած դժվարությունների, ճնշումների հետևանքով, նրանք գալիս են քիչ թե շատ ապահով վայր։

Ես հայրենադարձություն կկոչեմ այն, որ 90-ական թվականներին Ռուսաստան զանգվածային արտագաղթածները վերադառնան Հայաստան, երբ, ասենք՝ մարդը Էջմիածնից արտագաղթել է ՌԴ, այնտեղից վերադառնա Էջմիածին։ 

– Իսկ նման բան հնարավո՞ր է։

– Այո՛, իհարկե  հնարավոր է և հնարավոր է այն պարզ պատճառով, որ այդ մարդկանց զգալի մասը այնքան էլ հարմարավետ չի զգում իրեն ռուսական իրականության մեջ։

Նրանք այնտեղ շարունակաբար ունենում են խնդիրներ, կապված նաև այն բանի հետ, որ ազգությամբ հայ են, փորձում են չլուծվել այդ զանգվածի մեջ, փորձում են պահպանել իրենց ինքնությունը։

Օրինակ՝ մեծ խնդիր էր հայկական պետհամարանիշներով մեքենաների ու վարորդական վկայականների խնդիրը։ Նրանց առջև անընդհատ խնդիրներ են դրվում, և նրանց մեջ կա ցանկություն վերադառնալ հայկական իրականություն։

Բայց ցավն այն է, որ նրանք գնացել են երկար տարիներ առաջ են և այնտեղ արդեն հասցրել են ստեղծել կենսապահովման նորմալ պայմաններ, և հիմա մեծ ռիսկ է թողնել դա ու գալ այստեղ։

Գան ինչո՞վ զբաղվեն։ Նրանց պետք է վստահություն, որ ռիսկի մակարդակը ցածր կլինի։ Երբ ձևավորվի այդ վստահությունը, նրանց մի մասը կվերադառնա։ Բայց նայեք մեր քաղաքական դաշտին, ամենօրյա այդ գզվռտոցին, այդ պայմաններում մարդու մեջ վստահությո՞ւն կձևավորվի։

Մարդիկ մտածում էին՝ մաքրվել է երկիրը, իսկ հիմա տեսնում են՝ նրանք, ովքեր կեղտոտել են երկիրը, ցանկանում են նորից վերադառնալ։ Ես էլի եմ կրկնում՝ մեր իշխանությունները քննադատության տեղ ունեն, նրանց պետք է քննադատել ու պահել թիրախում, որպեսզի նրանք նույն սխալ ճանապարհը չբռնեն։

Բայց չպետք է թույլ տալ, որ նախկին իշխանություն և այժմ ընդդիմություն կոչվածը կռիվ տան, որ մնա իշխանության գլուխ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am