«Իրավիճակը, տարբեր գործոններով պայմանավորված, կարող է շատ կտրուկ սրվել». Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 

– Պարո՛ն Աբրահամյան, ՀՀ ԱԱԾ-ն հաստատել է տեղեկությունը, որ Հայաստանի տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղու հատվածում ադրբեջանական կողմն առաջխաղացում ունի։ Ինչպե՞ս եք գնահատում թե՛ ԱԱԾ հայտարարությունը, թե՛ այս առաջխաղացման փաստը։

– Իրավիճակը ճիշտ գնահատելու համար պետք է հասկանանք, թե որտե՛ղ է գլխավոր խնդիրը․ պարզվում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունների համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 1-ից պետք է փոփոխության ենթարկվեր Հայաստանն Արցախին կապող երթուղին։ Եթե ավելի վաղ Արցախից Հայաստան երթուղին գալիս էր ու մուտք գործում Տեղ գյուղի միջով, ապա ապրիլի 1-ից դա տեղի է ունենալու Կոռնիձորի միջով։ 

44-օրյա պատերազմից հետո, երբ երթուղին դեռևս անցնում էր Տեղ գյուղով, փաստացի 5 կիլոմետրանոց միջանցքը սահմանելու պարագայում, բնականաբար, Տեղ գյուղի մոտ 5 կիլոմետրանոց հատվածում ադրբեջանական դիրքեր տեղակայված չեն եղել, որովհետև դրանք եղել են միջազգային տրամաբանության ներքո, ու այնտեղ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից վերահսկվող հատվածներում, փաստացի, առաջնագիծ չի եղել, այսպես կոչված բուֆերային գոտի է եղել: 

Հիմա, քանի որ երթուղին փոփոխության է ենթարկվում, ադրբեջանական կողմը մի քանի օր առաջ եկել ու դիրքավորվել է։ 

Խնդիրն այն է, որ Ադրբեջանը դիրքավորվում է այն հատվածներում, որտեղ իր համար բարենպաստ է ու հնարավորություն է տալիս ծառայությունը ու մարտական խնդիրների հետ կապված մնացած բոլոր հարցերը հետագայում շատ ավելի արդյունավետ լուծելու: Դրանով պայմանավորված՝ ադրբեջանցիները նույնիսկ հաշվի էլ չեն առել, թե դա Հայաստանի տարածքո՞ւմ է, թե՞ ոչ, այսինքն՝ նրանց համար խնդիրը եղել է ոչ այնքան այն, որ 100 կամ 200 մետր առաջ կանգնեն, այլ նրանց համար գլխավոր խնդիրը եղել է առավելապես բարենպաստ հատվածներում դիրքավորվելը, ու, դրանով պայմանավորված, եկել են և Հայաստանից շուտ փաստացի դիրքավորում են ապահովել։ 

Ամբողջ խնդիրը սա է, երկրորդը՝ պետք է հաշվի առնել այն, որ, անկախ եղած պայմանավորվածություններից, միշտ պետք է հիշել, որ Ադրբեջանը նույնիսկ փաստաթղթային պայմանավորվածությունը չի կատարում, հենց միայն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բավարար է այս եզրահանգման համար, ու այս պայմաններում միայն վստահություն ունենալ, որ Ադրբեջանն իր պարտավորությունները կամ ձեռք բերված պայմանավորվածությունները կկատարի, բնականաբար, միամտություն է։ Հայաստանի իշխանությունը, փաստացի, իր հանցավոր անտարբերությամբ թույլ է տվել, որ Ադրբեջանը գա ու ավելի բարենպաստ դիրքավորում ստանա։ 

– Անվտանգային առումով Հայաստանն ի՞նչ վիճակում է, եթե դիտարկենք նմանօրինակ դեպքերը, ու դուք ասում եք՝ իշխանության անտարբերության պատճառով, բայց ոմանք էլ պնդում են, թե այդ հատվածը եղել է ռուս սահմանապահների վերահսկողության տակ։

– Փաստացի երթուղու անցումային ժամանակահատված է, ու Ադրբեջանն օգտվել է այս իրավիճակից, երբ երթուղու փոփոխություն է կատարվում, ու ավտոմատ կերպով կողմերը սահմանագծի այս կամ այն կողմում պետք է դիրքավորվեն: Նրանք ժամանակից շուտ եկել են, որպեսզի կարողանան մեկնարկային առավելություն ստանալ ու ստացել են։ 

Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ. 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանի այս իշխանությունը հանձնեց Քաշաթաղի շրջանը, ու երեք մարզ՝ Վայոց ձորը, Գեղարքունիքն ու Սյունիքը, ըստ էության, դարձան սահմանային, այդտեղ, բնականաբար, չկար առաջնագիծ, ու ադրբեջանական կողմը, օգտվելով Հայաստանի իշխանությունների իներտությունից կամ հանցավոր անտարբերությունից, կրկին առաջինը եկավ, դիրքավորվեց այնտեղ, որտեղ իր համար կարևոր էր համարում, ու դրանից հետո էլ սկսվեցին մեր բոլոր խնդիրները: Հետագայում այդ բոլոր ուղղություններով եղան հարձակումներ, ճնշումներ, ու փաստացի այսօր այս իրավիճակը իր դրսևորումը ստացել է նաև Տեղ գյուղի ուղղությամբ։

– Այս առաջխաղացման պատասխանատուն, մեղավորը ո՞վ է, պարո՛ն Աբրահամյան։

– Սա Հայաստանի քաղաքական իշխանությունների պատասխանատվության տիրույթում է, այստեղ հանցավոր անտարբերության դրսևորում կա, ըստ էության, քաղաքական որոշումների կամ դրանց բացակայության պայմաններում Հայաստանը տարածքային կորուստ է ունեցել, էլ չեմ խոսում ադրբեջանական դիրքավորման մասին։ Նորմալ պետությունների դեպքում բավականին լուրջ գործընթացներ կսկսվեին՝ և՛ իրավական, և՛ քաղաքական մակարդակով։

– Վաղվանից գործարկվող գրունտային ճանապարհը, որն Արցախն ու Հայաստանը պետք է կապի իրար, որքանո՞վ է անվտանգ լինելու, եթե ադրբեջանական կողմը արդեն տեղակայվել է բոլոր բարենպաստ դիրքերում։

– Փաստացի այդ նոր ճանապարհը վերաբերում է Խնձորեսկ համայնքի տարածքով անցնող այդ հատվածին, անվտանգային առումով այս պահին մեկնաբանություն չունեմ։

– ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ։ Ձեր գնահատմամբ՝ իսկապե՞ս նման վտանգ կա, ի՞նչ զարգացումներ սպասենք։

– Մի կողմից՝ իրավիճակը սրվում է Արցախի Հանրապետությունում՝ պայմանավորված շրջափակմամբ, բավականին ինտենսիվ բնույթ են ստացել խաղաղ բնակիչների ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերը, ադրբեջանցիները, խախտելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, առաջ են շարժվել ու մարտական դիրքեր տեղակայել, այսինքն՝ կան ակնհայտ գործընթացներ, որոնք սրման դինամիկան ի ցույց են դնում, ու իրավիճակը, տարբեր գործոններով պայմանավորված, կարող է շատ կտրուկ սրվել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am