ԲՀԿ-ն կբոյկոտի ԱԺ արտահերթ նիստը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտելու է հունիսի 30-ին մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստը, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով,որ վաղը Ազգային ժողովում գումարվող արտահերթ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն փորձել ամրագրել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը , «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ինչպես չի մասնակցել այս գործընթացի առաջին արարին` բոյկոտելով այն,այնպես էլ վաղը մեր խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին:

Ի տարբերություն մեր որոշ գործընկերների,ովքեր,ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արդեն հունիսի 22-ին հանդիսանալով Covid-19 վարակակիր, անհրաժեշտ ձայներ ապահովելու համար այդուհանդերձ մասնակցել են Ազգային ժողովի նիստին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից շատերը, լինելով կոնտակտավոր, ցուցաբերում են բարձր սոցիալական պատասխանատվություն յուրաքանչյուր քաղաքացու,Ազգային ժողովի յուրաքանչյուր աշխատակցի և մեր հայրենակիցների հանդեպ, :

Միևնույն ժամանակ շարունակում ենք հետևել բոլոր զարգացումներին և, իհարկե, շարունակում ենք կատարել Ձեր կողմից մեզ վստահված պատգամավորի պարտականությունները`մշտապես ականջալուր լինել մեր քաղաքացիների կողմից բարձրացրած խնդիրներին»՛, -գրել է պատգամավորը։