Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքները պետք է լինեն համապարփակ և միջազգային մակարդակով իրավաբանորեն ամրագրված, իսկ դրանց առանցքային բաղադրիչներից մեկը պետք է լինի երկրի լիիրավ անդամակցությունը Եվրոպական միությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Ուկրաինայի համար անվտանգության ապագա երաշխիքները պետք է լինեն համապարփակ և իրավաբանորեն ամրագրված միջազգային մակարդակով։ Հակառակ դեպքում չի կարելի խոսել այն մասին, որ պատերազմն ավարտված է», – հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքները չեն կարող սահմանափակվել միայն ռազմական օգնությամբ։ «Խոսքը երկարաժամկետ համակարգի ստեղծման մասին է, որը կկանխի Ռուսաստանի ագրեսիան և կդարձնի անհնար լայնամասշտաբ ներխուժման կրկնությունը», -նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ընդգծել է, որ այդ համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկն Ուկրաինայի լիիրավ անդամակցությունն է Եվրոպական միությանը։ «Հենց Եվրամիությունն է, որ երկարաժամկետ հեռանկարում կարող է ապահովել արտաքին սպառնալիքներից հուսալի քաղաքական, տնտեսական և իրավական պաշտպանություն», – հավելել է նա։



















