Մելիքգյուղի բոլոր ընտանիքները խմելու ջուր կունենան․ Կառավարության օգնությամբ կկառուցվի խողովակաշար

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մելիքգյուղ համայնքում խմելաջրի ցանց կկառուցվի:

Մարզպետարանից տեղեկացնում են, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 70%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 30%-ը կներդնի համայնքը:

Աշխատանքների ավարտից հետո նորակառույց շուրջ 1.8կմ երկարությամբ խողովակաշարից ջուրջօրյա կանոնավոր խմելաջրով կապահովվեն համայնքի բոլոր ընտանիքները:

Ըստ աղբյուրի, Արագածոտնի մարզի բոլոր համայնքները խմելաջրով ապահովելը շարունակում է մնալ առաջնային: Համայնքներում առկա ջրամատակարարման խնդիրները քայլ առ քայլ լուծվելու են:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: