155 միլիոն դրամի ներդրում Տավուշի Պառավաքար բնակավայրում

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով,  ինչպես նաև համայնքի համաֆինանսավորմամբ իրականացնում է  Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրի խմելու ջրի բաշխիչ ցանցի վերակառուցման ծրագիր:

Ծրագրով նախատեսվում է կառուցել 14,2 կիլոմետր նոր բաշխիչ ցանց՝  իր  բոլոր կառուցվածքներով. այդ թվում  նախատեսվում է կառուցվող հատվածի 318 սպառողների  ջրաչափերի տեղադրում:  Ջրաչափական հանգույցների տեղադրումով կկարգավորվի նշված հատվածի բնակիչների ջրամատակարումը: Նախատեսված է վերանորոգել 350 խորանարդ մետր տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբար,  ինչպես նաև ևս 3 օրվա կարգավորիչ ջրամբարի սանիտարական գոտիների կառուցում, իսկ 500 խորանարդ մետր  և 350 խորանարդ մետր  ջրամբարների վրա  ջրի քլորացման համար կառուցվում են քլորակայաններ:

Ներդրումը կազմում է ավելի քան 155 միլիոն դրամ, համայնքի ներդրումը շուրջ 28 միլիոն դրամ է, որով իրականացվում են 5 ճյուղերի և ենթաճյուղերի խրամուղիների փորման շինարարական աշխատանքները:

Աշխատանքներն իրականացվում են Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջին բաղադրիչով, որի կառավարումն իրականացվում է ՏԿԵ նախարարության կողմից:

ՀՏԶՀ մամուլի ծառայություն