Պատմության իրական և իսկական կերտողները մեր զինծառայողներն են․ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական ծառայություն իրականացնելիս ադրբեջանական զինուժի կիրառած զենքերից տարբեր աստիճանի վիրավորում ստացած մի խումբ զինծառայողներ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ
նախագահը տեսակցել է զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջությամբ, բուժումով և շուտափույթ կազդուրում մաղթել: Բուժանձնակազմի ներկայացուցիչները ներկայացրել են զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:

Արմեն Սարգսյանը զրուցել է զինծառայողների ու հոսպիտալում գտնվող նրանց ծնողների հետ: Նախագահն ասել է, որ մեր ժողովուրդը հպարտանում է իր բանակով, նրա խիզախ զինվորով, սպայով ու գեներալով և համոզված է, որ նրանց շնորհիվ թշնամու ցանկացած ոտնձգության փորձ դատապարտված է ձախողման։

Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել զինվորներին՝ ծառայության և հայրենիքի պաշտպանության համար ներդրած ջանքերի ու արիության համար և առողջություն մաղթել: Նախագահ Սարգսյանն ասել է, որ, անկախ իրավիճակների ընկալումներից և դրանց վերաբերյալ արձագանքներից, անկախ գովեստից ու քննադատությունից, անկախ տարբեր տեսություններից, անկախ ամեն ինչից պատմության իրական և իսկական կերտողները հենց նրանք են՝ մեր զինծառայողները, որոնց բոլորս պարտական ենք խաղաղության և մեր անվտանգության համար։

«Եկել եմ բոլորիդ շնորհակալություն հայտնելու, նաև հիշելու ձեր ընկերներին, որոնք իրենց կյանքը տվեցին։ Պինդ եղեք։ Մեր ամբողջ ժողովուրդը հետաքրքրվում է ձեր առողջությամբ: Դուք եք մեր բոլորի պաշտպանը,-
նշել է նախագահ Սարգսյանը։ -Դուք հերոսներ եք։ Մենք կարող ենք շատ բան քննարկել, կոչեր հնչեցնել, բայց պատմության մեջ մնալու է այն, ինչ դուք արել եք։ Նույն կերպ մնալու է այն, ինչ արեցին ապրիլյան պատերազմում, 1990-ականներին… Դուք մնալու եք այն հերոսները, որ բարձր են պահել մեր երկրի դրոշը։ Եղեք առողջ ու պինդ։ Իմացեք, որ դուք այն մարդիկ եք, որոնք իրենց կնիքն են դրել պատմության մեջ՝ ցույց տալով, որ մեր բանակին ոչ ոք չի կարող հաղթել։

Ադրբեջանի կողմից սանձազերծված այսօրվա պատերազմը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։ Երբ աշխարհում բոլոր երկրները զբաղված են ուրի՛շ պատերազմով, որ կոչվում է կորոնավիրուս, մեր հարևանները որոշել են այս պայմաններում պատերազմ սկսել։ Մեր հարևանները մարդու իրավունքներն այնքան չեն հարգում, որ նման քայլի են գնում։ Այն, ինչ արել է թշնամին, մարդկային բոլոր արժեքների, գրված և չգրված կանոնների խախտում է»:

Նախագահը նշել է, որ մշտապես կապի մեջ է արտերկրի իր գործընկերների, տարբեր երկրների առաջնորդների, միջազգային կառույցների ղեկավարների, արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, նրանց, դեռևս ոչ պաշտոնական, բայց տեղեկացնում է իրավիճակի մասին։ «Մի’ կասկածեք, որ ես՝ որպես նախագահ, ամեն ինչ անելու եմ, որ աջակցեմ վարչապետին, կառավարությանը, պաշտպանության նախարարին և ողջ բանակին, որպեսզի նախ դուք որքան հնարավոր է շուտ ոտքի կանգնեք և, որ մեր բանակն ավելի ամուր կանգնած լինի»,- ասել նախագահ Սարգսյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։