Մեր կողքին ապրող մարդիկ. Քըրքը

Ամերիկացի պատմության ուսուցիչ Քըրք Ուելիսն արդեն մի քանի տարի է՝ ապրում է Երևանում: Վերջին երեք տարին, սակայն, աշխատանքը կապված է Դդմաշեն գյուղի հետ, որտեղ գործում է Հայաստանի եզակի ակվապոնիկներից մեկը, եթե ոչ միակը, որն ամբողջությամբ է շահագործվում: 

Մոտ 60 կմ հեռավորություն անցնելով՝ Երևանից հասնում ենք Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղ, որտեղ դդում չգտանք, որովհետև որքան էլ անվան հիմքում, թվում է թե, «դդում» բառն է, իրականում այն որևէ կապ չունի այս բանջարեղենի հետ: 

Արքայանարնջի ծանրության տակ կքած ծառերը, ձմռան մասին նախապես հոգ տարած գյուղացիների բնական վառելանյութի թմբերը մի տեսակ տաք, նարնջագույն երանգ էին հաղորդում տարածքին, որ չէր մթագնում անգամ գյուղի վրա շղարշ դրած մառախուղի ներքո: 

Նարնջագույնն անհետանում էր կամ մոխրագույն դառնում, երբ գյուղի քչքչան հարևանի՝ Հրազդան գետի աղմուկին խառնվում էր նաև աղտոտվածությունը, որ հաճախ մարդկային անտարբերության հետևանք է: 

Քըրքն ինձ դիմավորում է ակվապոնիկում, որ հիմնել են գյուղի ընտանիքներից մեկի հետ: Ջերմոց հիշեցնող տարածքի շեմին կանգնած նայում է ձկնառատ ու աղմկոտ Հրազդանին. 

– Մարդիկ ինչքան աղբ ունեն,թափում են գետը, իրենց թվում է, թե գետը կուլ է տալու այդ ամենը անհետևանք: Հայերն այնքան լավ գծեր ունեն, որ անդադար կարող եմ թվարկել, բայց բնապահպանության հարցում մի քիչ հետևողականությունն ու հոգատարությունը մեզ չէին խանգարի: 

Թափանցիկ հաստ թաղանթով պատված կառույցը, որը Կանաչ տուն են անվանում, ենթադրությունների առիթ է տալիս՝ իսկ ներսում ի՞նչ կա: 

Քըրքը հետևում է իմ անհամբեր հայացքին ու փութկոտ հրավիրում ներս: Ձմռանն ամռան սեզոնին բնորոշ ուտելի բույսերի աճին հետևելն իսկական հրճվանք է ու զարմանք: 

Մատղաշ բաքչոյները և լիրենը՝ չինական ծագման կաղամբազգիների ընտանիքի ուտելի բուսատեսակները, հարմար տեղավորվել են հայկական միջավայրում ու զգում են իրենց ինչպես տանը: 

«Պոնիկ» նշանակում է աճեցնել առանց հողի, այսինքն՝ այստեղ ուտելի բույսերն աճում են ոչ թե հողում, այլ քարերի մեջ: Պարարտացնելու համար օգտագործվում են տարբեր կենդանիների, նաև մարդու արտաթորանքը: Քըրքը տարբեր արտաթորանքները կատակով ապուր է անվանում, քանի որ դրանք դառնում են հեղուկ պարարտանյութ, որպեսզի հնարավոր լինի սնել ու հոգ տանել բույսերի մասին: Եթե կարճ, ապա այս ակվապոնիկն աշխատում է ջրի ու ձկների միջոցով, հայերեն գուցե այն հնչի որպես ձկնապոնիկ: 

Կանաչ տանը բազմաթիվ տարաներ կան, որոնցից մեկում «մի քանի հոգի» տքնաջան աշխատում էին, երբ ներս մտանք՝ վերացնելով այն փոքրիկ կենդանիներին, որոնք կարող են վնաս պատճառել բույսերին: Կառլոսն ու Դիեգոն գլխավոր դերում էին՝ որդեր, որոնց համար անուններ է հորինել Քըրքը:

– It’s ռեհան,- հանկարծ իր իմացած մի քանի հայերեն բառերի միջից ճանաչելով ռեհանը, կանչում է Քըրքը,- սա ռեհա՜ն է: 

2011-2013 թվականներին, երբ Քըրքն ապրում էր Հայաստանում, նկատեց, որ բնապահպանական մարտահրավերներ կան, որոնց դիմացն աշխարհը փորձում է առնել, իսկ Հայաստանում այնքան էլ մտահոգված չեն այդ խնդիրներով, ու շատ մարդիկ չեն գիտակցում այն հսկայական աղետը, որ կարող է տեղի ունենալ դրա հետևանքով: Այդ ժամանակ նա հասարակական կազմակերպություն ուներ, որը զբաղվում էր բնապահպանական հարցերով: 

– Ա՛յ այդ պահին նորից մտածեցի, որ Հայաստանում բանջարեղենի, մրգերի ու ուտելի մշակաբույսերի աճեցումը սեզոնային է: Մարդիկ չարչարվում են, սակայն ողջ տարվա ընթացքում չես կարող գտնել, օրինակ՝ բանջարեղեն, որ միայն ամռանն է աճում: 

Երբ վերադարձավ ԱՄՆ, սկսեց աշխատել մի ընկերությունում, որը զբաղվում էր հենց ակվապոնիկներով: Հայաստանն ընկավ միտքն ու որոշեց հայտարարել մրգերի ու բանջարեղենի մշտական սեզոն մեր երկրում: Գործը դանդաղ, բայց վստահ առաջ է գնում, հավանաբար մի օր ձմռանը Հայաստանում ձմերուկ գնելը կլինի ոչ թե ճոխություն, այլ սովորական մի բան: 

– Ես այստեղ համարյա բան չեմ անում,- իր համեստ ավանդի գնահատականն է տալիս, Քըրքը,- լուրջ եմ ասում, այս երկու կանայք են ամբողջ գործը գլուխ բերում՝ մատնացույց է անում բաքչոյների ու լիրենների միջով անվերջ անցուդարձ անող կանանց: 

– Ինչու՞ եք անդադար նույն ուղղությամբ գնում ու գալիս,- գործից ոչինչ չհասկացող մարդուն վայել վստահությամբ հարցնում եմ: 

– Նայիր՝ քեզ թվում է, թե անիմաստ հետուառաջ ենք, չէ՞, անում, բայց իրականում այս առատության մեջ խճճվելն այնքան հեշտ է, որ կարող է անցնես բույսի կողքով ու չնկատես, որ տերևը դեղնած է, վնասակար մանր կենդանիներ են հայտնվել, որոնք սպանում են բույսին, դրա համար պիտի անդադար հետևես, որ նրանց հարմարավետության համար խոչընդոտներ չլինեն,- բացատրում է Լուսինեն, որի առաջին վճարվող աշխատանքն է ակվապոնիկի գործը: 

Դդմաշենցի երկու կանայք՝ Մարինեն ու Լուսինեն, բարեկամուհիներ են: Երկուսն էլ քիմիայից ու ակվապոնիկից ոչինչ չէին հասկանում, տեխնոլոգիայի յուրահատկությանը ծանոթ չէին: Սա լրացուցիչ մոտիվացիա էր ուսումնասիրել մի նոր բան, բայց երբ սկսում են բարեկամներին ու հարևաններին բացատրել, թե ինչով են զբաղվում, մեկ է, հաջորդում է կրկնվող հարցը՝ վերջը ի՞նչ եք անում: 

– Եթե քիմիա չիմանաս, չես հասկանա, որ մեկ սխալ կաթիլն էլ կարող է ճակատագրական լինել բույսի համար,- ասում է Մարինեն, որը բազմաթիվ սխալներ է թույլ տվել մինչև հմտությունները կատարելագործելը: 

Քըրքը համբերատար սովորեցրել է կանանց բոլոր մանրուքները, իսկ հիմա այնքան վստահ է, որ նրանք ամեն բան տեղը-տեղին կանեն, որ հաճախ չի գալիս Դդմաշեն հետևելու Կանաչ տանը: 

7000 բույսերի հետ ամենօրյա աշխատանքը, այո՛, հաճելի է, բայց նաև՝ հոգնեցուցիչ: Մի վայրկյան չես կարող բույսերին թողնել՝ քմահաճ և մեծ ուշադրություն պահանջող այս կանաչիներն ասես փոքրիկ երեխաներ լինեն: 

Կանայք սկսել են նաև բնապահպանական խնդիրների նկատմամբ առավել աչալուրջ լինել: Եթե մինչև Կանաչ տանն աշխատելը կարող էին ուշադրություն չդարձնել Հրազդան գետի աղտոտվածությանը կամ մարդկանց վերաբերմունքին, ապա հիմա չափազանց ուշադիր են դարձել, փորձում են նաև իրենց շրջապատում իրազեկել մարդկանց, հորդորել, որ տարածքի նկատմամբ հոգատար լինեն: 

– Ջրի բերան ապրող մարդիկ աղբը նետում են գետը: Գիտե՞ք, երբեմն ուզում ես մեղադրել, բայց մարդիկ հաճախ իրազեկվածության պակաս ունեն, իսկապես չեն գիտակցում, թե ինչ վտանգներ կան դրա մեջ: 

Բույսերի հետ չեն խոսում, անուններ չեն դրել, թիթիզ բաներ չեն անում:

– Շատ լուրջ ենք,- ծիծաղում են Լուսինեն և Մարինեն: 

Խորհրդային տարիներին ապրած մարդիկ հաճախ են հիշում, որ կենղացում գերակշռողը թուղթն էր, հետո ամեն բան փոխվեց, ու թղթին գրեթե ամբողջությամբ փոխարինեց պլաստիկը: Պլաստիկի օգտագործումն ու այնուհետև դեն նետումը ընդունելի կլինեին, եթե մեր երկրում համապատասխան վերամշակման գործարաններ լինեին: 

Դրանց քանակն այնքան աննշան է, որ ողջ բնակչության կարիքները չի կարող բավարարել, բայց դա բոլորովին չի նշանակում, որ մենք չպետք է գիտակցենք աղբի հետևանքով առաջացած վնասները: 

– Մարդիկ մեր երկրում չեն պատկերացնում,որ աղբի այսչափ կուտակումը ազգային անվտանգության հարց է: Եթե շարունակաբար այրում ես պլաստիկը, երբ դու անդադար աղտոտում ես գետերը, ֆիզիկական վտանգի առաջ են կանգնում: Բացի այդ, ասա ինձ, խնդրում եմ, ո՞ր զբոսաշրջիկը կուզի գալ ու տեսնել այդ ամենը: Տուրիզմը Հայաստանի ամենամեծ ռեսուրսներից մեկը կարող է դառնալ, բայց հո մենք աղբավայր չե՞նք ցույց տալու մարդկանց:

Քըրքն ասում է, որ ամեն բան կրթությունից է սկսվում: Դպրոցն այն վայրն է, որտեղ պետք է ոչ միայն տեսական գիտելիքներ տալ, այլ նաև քաջալերել, որ կենցաղային հարցերում երեխաները լուծումներ առաջարկեն, փորձեն պատասխանատու դառնալ բնության ու միջավայրի հանդեպ: 

20 տարի դպրոցում աշխատելով՝ վստահ է, որ երբ երեխային սովորեցնում ես հոգ տանել, սիրել բնությունը, միանգամից կրթում ես նաև նրա ծնողներին, քանի որ երեխաները տուն են վերադառնում: 

Կանաչ տանը շուտով լռություն է տիրում. մենք հեռանում ենք: Լուսինեն ու Մարինեն էլի անցուդարձ են անում ու հսկում, որ որևէ արտաքին ազդակ չխանգարի իրենց բույսերի անդորրը: Քըրքը շուտով մի տոպրակ է տալիս ու ասում.

– Անպայման կփորձես մեր կաղամբիկները,- հոգատարության այս դրսևորումը բերկրանք է պատճառում: 

Հեռանալիս մտածում եմ, թե որքա՜ն կարևոր են անհատները, որոնք երբեմն ամբողջությամբ չեն էլ գիտակցում, թե ինչ կարևոր աշխատանք են կատարում համայնքում փոփոխություններ անելու ճանապարհին:

Ուզում եմ հավատալ, որ տարիներ անց, երբ հնարավորություն լինի այցելել Դդմաշեն, նարնջագույնին երբեք չի ստվերի մոխրագույնը, իսկ Հրազդանի զրնգուն ձայնը կլինի անաղարտ: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am