«Ադրբեջանն իրականացնում է դասական ռազմական շանտաժ, վերջերս նաև սպառնում է ուղղակի պատերազմով». Բենիամին Պողոսյան

Լուսանկարը՝ SputnikԱրմենիա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով օկուպացված Շուշիում՝ աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարի ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը հնարավոր կլինի միայն Բաքվի առաջարկած հինգ կետերի հիման վրա։ Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և եթե այդ պայմանագիրը կնքվի միայն այդ կետերի հիման վրա, ի՞նչ է նշանակելու դա։

– Ադրբեջանն իրականացնում է դասական ռազմական շանտաժ, վերջերս նաև սպառնում է ուղղակի պատերազմով։ Թե՛ Հայաստանում, թե՛ դրսում գրեթե բոլորը հասկանում են, որ եթե Հայաստանը ստորագրում է խաղաղության պայմանագիր, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, որովհետև Ադրբեջանի հինգ կետերը հենց այդ մասին են, ու բոլորովին պարտադիր չէ, որ այդ պայմանագրում «Արցախ» բառը լինի, ամենայն հավանականությամբ «Արցախ» բառը չի էլ նախատեսվում Ադրբեջանի կողմից:

Սակայն եթե այդ հինգ կետերը դրվեն այդ պայմանագրում, միանշանակ կլինի այնպես, որ Հայաստանը կճանաչի Արցախն Ադրբեջանի մաս ու պատրաստ է ընդամենը քննարկել Արցախի ինքնավարության դետալներ։ Չնայած դեռ հարց է՝ ինքնավարություն լինելո՞ւ է, թե՞ չէ, որովհետև Ադրբեջանը նույնիսկ ինքնավարության համաձայնություն չի տվել, միայն ակնարկում է, որ որպես բարի կամքի դրսևորում գուցե համաձայնի արցախցիներին ինչ-որ ինքնավարություն տալ, այն էլ՝ անհասկանալի։

Եթե պայմանագիրը ստորագրվի այն պայմաններով, որոնցով Ադրբեջանն է ուզում, դա կնշանակի, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, ինչը միանշանակ կարագացնի Արցախից հայերի հեռացումն ու շատ արագ տեմպերով կհանգեցնի Արցախի ամբողջական կամ գրեթե ամբողջական հայաթափմանը։

Եթե Հայաստանը չի ցանկանում տեսնել հայաթափված Արցախ, չպետք է Ադրբեջանի պայմաններով պայմանագիր ստորագրի, ընդ որում՝ դա չի նշանակում, որ չպետք է սկսել բանակցություններ։ Բանակցություններ պետք է ու կարելի է սկսել՝ դրանով ինչ-որ տեղ Ադրբեջանին զրկելով հերթական էսկալացիայի գնալու լեգիտիմ կամ բարոյական իրավունքից թե՛ Հայաստան-Ադրբեջան սահմանին, թե՛ Արցախ-Ադրբեջան շփման գծում, բայց մեկ բան է՝ սկսել բանակցություններ, մեկ այլ բան է՝ ավարտել։

Ու տարօրինակ է, որ Ադրբեջանը պնդում է, թե բանակցությունները պետք է մի քանի ամսում ավարտվեն: Այս բարդ հակամարտությունը, որը հարյուր տարուց ավելի պատմություն ունի (սկսենք հաշվել ցարական Ռուսաստանի փլուզումից հետո), ու հիմա պնդել, որ այս ավելի քան մեկ դար տևող հակամարտությունն ավարտող պայմանագիրը պետք է ստորագրվի բանակցությունները սկսելուց մի քանի ամիս անց, ուղղակի տրամաբանությունից դուրս է։

Բայց Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ պայմանագիրը ստորագրելուց հետո Արցախը շատ արագ կհայաթափվի, ու երկրորդ խնդիրն էլ կա, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ մեր արևմտյան գործընկերները լուրջ հիմքեր կունենան, որպեսզի առնվազն 2025 թվականի նոյեմբերից ռուս խաղաղապահները դուրս բերվեն Արցախից։

Որքանով ես եմ հասկանում՝ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր ստորագրելու արևմտյան գործընկերների՝ ԱՄՆ-ի, Եվրոպական միության շահագրգռվածությունը ունի միայն մեկ նպատակ՝ ստեղծել հիմքեր, որպեսզի գոնե 2025 թվականին պահանջեն ռուսական զորքերի դուրսբերումն Արցախից, ինչը լիովին տեղավորվում է հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանին զսպելու և թուլացնելու ռազմավարության շրջանակում։

– Եթե Ադրբեջանը վճռականորեն հայտարարում է, որ ինքն առաջարկել է իր կետերը, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, բավարար են խաղաղության պայմանագիր կնքելու համար ու այլևս բանակցել չի պատրաստվում, Հայաստանի այլընտրանքը ո՞րն է՝ պատերա՞զմը։

– Միանշանակ: Ադրբեջանը, ինչպես ասում են, առնվազն մեզանից ավելի հիմար չէ ու ինքն էլ շահագրգռված չէ բանակցություններ սկսել ու դրանք երկար շարունակել, հետևաբար, այո՛, եթե բանակցությունները սկսվեն, և ինչպես Ադրբեջանն է պահանջում, գոնե մինչև այս տարվա վերջ չավարտվեն, ապա պարզ է, որ մի քանի ամիս անց Ադրբեջանը կսկսի ռազմական ճնշման քաղաքականություն: Այսինքն՝ մենք կտեսնենք սադրանքներ, էսկալացիա, հարձակումներ, դիվերսիոն գործողություններ սահմանին ու հնարավոր է նաև Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով։

Այստեղ ընտրությունն արդեն Հայաստանինն է․ կա՛մ մենք պետք է ստորագրենք Ադրբեջանի պայմաններով խաղաղության պայմանագիր ու ճանապարհ բացենք Արցախի արագ հայթափման համար, բայց դրանով խնդիրը չի վերջանա, որովհետև դրանից հետո արդեն պետք է բանակցենք Սյունիքի հայաթափման համար, կա՛մ պետք է ընդունենք, որ, այո՛, մենք դա չենք անում, Ադրբեջանն իրականացնում է ռազմական ճնշում, սահմանային միջադեպերը կարող են ակտիվանալ։

Պարո՛ն Պողոսյան, Ալիևն ասել է՝ «սա միակ որոշումն է և վերջին հնարավորությունը Հայաստանի համար: Եթե նրանք հրաժարվեն, Ադրբեջանը կհայտարարի Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մասին»: Ի՞նչ է սա նշանակում, ու Ադրբեջանն ի՞նչ սահմաններով է պատրաստվում ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ հաշվի առնելով, որ Սյունիքից սկսած Երևանով վերջացրած համարում է Ադրբեջանի պատմական տարածքներ։

– Հասկանալի չէ, նախ՝ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թե՞ ոչ, եթե ենթադրենք, որ ճանաչում է, ապա, լավագույն դեպքում՝ խորհրդային սահմաններով, հետևաբար Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու «անկլավներից»՝ Տիգրանաշեն, Տավուշի մարզ և այլն:

Բացի այդ, Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ առնվազն պահանջելու է, որպեսզի Հայաստանի որոշ տարածքներ՝ սկսած Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերից, վերջացրած Երևանով, վերադառնան ադրբեջանցիները, դա արդեն նրա պաշտոնական դիրքորոշումն է, որ նույնիսկ, եթե դրանք Հայաստանի տարածքներ են՝ հարյուրհազարավոր ադրբեջանցիներ պետք է վերադառնան։

Նույնիսկ եթե Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչի, և մենք թույլ չտանք, որ 50 հազար ադրբեջանցի հայտնվի Արարատի մարզում, ապա դա էլ Ադրբեջանի համար նորից ռազմական շանտաժի դիմելու հիմք կհանդիսանա։

Պարզ է, որ Ալիևը հիմա վախեցնում է, բայց մեր խնդիրն է հասկանալ, նույնիսկ եթե կան մարդիկ, որոնք կարծում են, որ Արցախը, բժշկական տերմինով ասած՝ գանգրենա է, ու ավելի լավ է դա կտրել ու շարունակել ապրել առանց դրա, պետք է հասկանան, որ Արցախից հետո էլ Սյունիքն է։

– Իսկ Ռուսաստանի դիրքորոշումն ու մասնակցությունն այս հարցերի կարգավորման մեջ ինչպիսի՞ն են լինելու, եթե նկատի ունենանք Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների վերջին համատեղ հայտարարությունը ու նաև այն, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ էլ ունի դաշնակցային հարաբերություններ։

– Ռուսաստանը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել Արցախի տարածքից։ Երկրորդ՝ գիտակցում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրն ուղիղ ճանապարհ է բացելու Ադրբեջանի ու Արևմուտքի համար՝ պահանջելու Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերում, եթե ոչ անմիջապես, ապա 2025 թվականի նոյեմբերին։

Երրորդ՝ Ռուսաստանը որևէ կերպ շահագրգռված չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ու Արցախ-Ադրբեջան շփման գծում էսկալացիայով, ինչը, ի դեպ, Ռուսաստանի կարծիքով, իրականացվում է Թուրքիայի ու Արևմուտքի դրդմամբ, որովհետև դրանով կխաթարվեն իր հարաբերությունները Թուրքիայի հետ:

Բայց Ռուսաստանը նաև շատ լավ հասկանում է, որ եթե Ադրբեջանը անընդհատ նույն լկտիությունները ցույց տա, ինքը ինչ-որ պահի պետք է պատասխանի, որովհետև դա նաև իր իսկ իմիջի դեմ է, ու այդ իմիջի դեմ արդեն իսկ արշավ է գնում, որ Ռուսաստանն իրեն համարում է գերտերություն, ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում, բայց փոքր Ադրբեջանն անընդհատ «ապտակում» է Ռուսաստանին։

Այս վիճակից դուրս գալու համար Ռուսաստանին սահմանների դելիմիտացիան դեմարկացիան ձեռնտու են, որովհետև դա օբյեկտիվորեն նվազեցնում է ադրբեջանական սադրանքների հավանականությունը սահմանին։ Իմ գնահատմամբ՝ Ռուսաստանի դիրքորոշումն է, որ Հայաստանը սկսի խաղաղ բանակցություններ, սկսի դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթաց՝ դրանով նվազեցնեն Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքները, բայց Ռուսաստանը որևէ կերպ շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, որովհետև այդ տեսքով պայմանագիրը ուղիղ ճանապարհ է Արցախից իր զորքերի դուրսբերման համար։

– Պարո՛ն Պողոսյան, Հայաստանի ներքաղաքական այս պահի իրավիճակը ի՞նչ հետևանքներ կամ արդյունքներ կարող է ունենալ մեզ համար, և եթե ընդդիմությանը հաջողվի իշխանափոխություն իրականացնել, այս հարցերի ընթացքի, կարգավորման ելքի մեջ ի՞նչ փոփոխություններ կլինեն։

– Ադրբեջանը հասկանում է, որ եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, հազիվ թե գան ուժեր, որոնց հետ ավելի հեշտ կլինի պայմանավորվել, ընդ որում՝ բոլոր հարցերում, ու, ամենայն հավանականությամբ, եթե ներկայիս կառավարությունը փոխվում է, ապա կգան մարդիկ, որոնք ավելի կոշտ դիրքորոշում ունեն Ադրբեջանի հանդեպ։

Եթե հաջողվի Ադրբեջանին հասցնել այդ ուղերձը, որ եթե իրենք շարունակեն պնդել իրենց պայմաններով խաղաղության պայմանագրի արագ ստորագրում, ապա դա Հայաստանում լուրջ ցնցումներ կառաջացնի՝ ընդհուպ իշխանափոխություն, ինչն իրեն ձեռնտու չէ հաստատ։

Այս տրամաբանության մեջ այն գործընթացները, որոնք հիմա տեսնում ենք, կարող են ինչ-որ կերպ զսպել Ադրբեջանի նկրտումները՝ չափից դուրս կոշտ կերպով հարկադրել մեր կառավարությանը ստորագրել Արցախը հայաթափելու պայմանագրի տակ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am