«էներգետիկ համակարգի այսօրվա խափանումը լուրջ նախազգուշացում է՝ արդիականացման աշխատանքներ իրականացնելու»․ փորձագետ

«էներգետիկ համակարգի այսօրվա խափանումը լուրջ նախազգուշացում է՝ արդիականացման աշխատանքներ իրականացնելու»․ փորձագետ
«էներգետիկ համակարգի այսօրվա խափանումը լուրջ նախազգուշացում է՝ արդիականացման աշխատանքներ իրականացնելու»․ փորձագետ

Հայաստանում տեղի ունեցած էներգետիկ խոշոր վթարը փաստում է, որ ոլորտում հրատապ քայլեր պետք է իրականացվեն։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Նա անդրադարձավ վթարի հնարավոր պատճառներին։ Ըստ մասնագետի՝ քանի որ ներկայումս Հայաստանի ատոմային էլեկտրակայանը գտնվում է արդիականացման ու վերանորոգման պայմաններում, Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման մոդելի համաձայն՝ հիմնական գեներացիոն բեռն իրենց վրա վերցնում են ջերմաէլեկտրաէներգետիկ օբյեկտները։ Այսինքն ՝ խոսքը Հրազդանի 5-րդ էներգաբլոկի և Երևանի ՋԷԿ-ի մասին է։

Եվ քանի որ այսօր էլեկտրաէներգիայի սպառման առումով պիկային ժամանակահատված է, ապա ՋԷԿ-երը, որոնք ավանդաբար ապահովում են մեր էլեկտրաէներգիայի գեներացման շուրջ 40 տոկոսը, այսօր ստիպված են էլ ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել։

«Եվ հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանի էներգետիկ համակարգի ենթակառուցվածքների շուրջ 40 տոկոսն արդեն 40 տարի է՝ չի վերազինվել, մենք ունենք այս պատկերը։ Բայց օբյեկտիվության համար պետք է նշենք, որ դեռ չունենք նախադրյալ՝ խոսելու Հայաստանի էներգետիկ համակարգում, այսպես կոչված, blackout-ի մասին։ Այդ մասին ես արդեն մի քանի հրապարակումներ տեսա, բայց, այնուամենայնիվ, մեր էներգետիկ համակարգը, լինելով ավելցուկային, այդ ավելցուկը մեզ թույլ տվեց խուսափել խորքային էներգետիկ ճգնաժամից։ Մենք ունենք 3550 մեգավատ հզորություններ, բայց օգտագործում ենք մոտ 2300-ը»,- «Մեդիալաբին» ասում է Վահե Դավթյանը։

Սակայն, նրա խոսքով, սա լուրջ նախազգուշացում է մեզ՝ ոլորտում արդիականացման աշխատանքներ իրականացնելու համար։

Նշենք, որ այսօր հանրապետությունում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են արձանագրվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ էներգաբլոկն անջատված են։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հրատապ հարցազրույցում լրագրողներին խոշոր էներգավթարի վերաբերյալ հնարավոր վարկածներ է թվարկել։ Վարկածներից մեկն այն է, որ խնդիր է առաջացել Երևանի ՋԵԿ-ում, որը շղթայական ազդել է ամբողջ համակարգի վրա։ Մյուս վարկածի համաձայն՝ խնդիր է արձանագրվել Հրազդանի 5-րդ էներգաբլոկում, որը ևս շղթայաբար տարածվել է համակարգի վրա և բերել խափանման։

Երրորդ վարկածի համաձայն՝ տատանում է գրանցվել իրանական էներգահամակարգում, և դա ազդել է Հայաստանի վրա, քանի որ այդ պահին համակարգերը եղել են միացված և Հայաստանից էլեկտրաէներգիա է արտահանվել Իրան:

Այս վարկածներին անդրադառնալով՝ էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանն ասում է, որ այս դեպքում գործ ունենք էներգետիկ անվտանգության խնդրի հետ։ Իսկ էներգետիկ անվտանգությունն ազգային անվտանգության կարևոր հենասյուներից մեկն է, շատ տրամաբանական ու ճիշտ է չհանրայնացնել իրական խնդիրները։

Մասնագետի խոսքով՝ այս դեպքը ահազանգ է այն մասին, որ ոլորտում քայլեր պետք է ձեռնարկվեն՝ արդիականացված համակարգ ունենալու համար։ Նաև պետական վերահսկողությունը մասնավոր էներգետիկ համակարգում պետք է ավելանա։

«Խոսքը նախևառաջ ռուսական ներդրումների արդյունավետության գնահատման մեխանիզմների մշակման մասին է, մասնավորապես, Հրազդանի 5-րդ էներգաբլոկի մասին, որը պատկանում է «Գազպրոմին»,- ասում է փորձագետը։

Վահե Դավթյանի խոսքով՝ շատ կարևոր են նաև Երևանի ջերմաէլեկտրակայանի նոր բլոկի կառուցման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ապագայում խուսափելու նմանատիպ իրավիճակներից ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am