«Ուզում եմ հույս ունենալ, որ սահմանազատման հարցում Հայաստանը չի գնա զիջում՝ հանուն խաղաղության սկզբունքով». ըստ մասնագետի, Հայաստանի դիրքորոշումը հայտնի չէ

ԷԼՄԱ քարտեզագրման նախագծի հեղինակ, քարտեզագիր Շահեն Շահինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեության հետ կապված դրական ակնկալիքներ այս պահին չունի: «Որովհետև դեռևս հայտնի չէ, թե ինչ սկզբունքների շուրջ են բանակցելու, ինչ քարտեզներով են բանակցելու: Եթե, օրինակ՝ խոսք գնաց անկլավային տարածքների մասին, Հայաստանի վիճակը ավելի է բարդանալու: Այս պահին գնահատել, թե ինչ արդյունքների կհասնեն, շատ բարդ է»,- «Մեդիալաբին» ասում է Շահինյանը:

Օրերս, հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողով: Այն ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հանձնաժողովի կազմում են լինելու նաև ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից, ԱԱԾ-ից:

Այս հանձնաժողովի ստեղծման մասին որոշումից մեկ օր անց՝ մայիսի 24-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։

Երեկ՝ մայիսի 25-ին, հաղորդվեց, որ երկու երկրների հանձնաժողովների երկրորդ նիստը հավանական է՝ կայանա հաջորդ շաբաթ Մոսկվայում:

«Այդ հանդիպումների ու դրանցում քննարկված հարցերի մասին չկա լիարժեք և ամբողջական տեղեկություն, հետևաբար դժվար է ասել, թե ինչ արդյունքների կարող է հասնել այս հանձնաժողովը: Վերլուծության համար տեղեկությունները խիստ սահմանափակ են»,- նշում է քարտեզագիրը:

Ասում է՝ հանձնաժողովի կազմին ծանոթ է, կան մի քանի մասնագետներ, բայց տարակուսելի է համարում այն, որ հանձնաժողովի կազմում չկան սահմանազատման փորձ ունեցող պրոֆեսիոնալներ: «Հանձնաժողովում կան մարդիկ, որոնք ունեն մասնագիտական բավարար ունակություններ, որպեսզի այս հարցի շուրջ կարողանան բանակցել: Բայց մեկ-երկու անձի այդ հատկությունները, իմ կարծիքով, բավարար չեն: Նաև պետք է նշել, որ ամբողջ հանձնաժողովում ներգրավված չեն մարդիկ, որոնք մասնակցել են Հայաստանի սահմանների սահմանազատման այլ աշխատանքների: Ու դա առնվազն տարակուսելի է»,-հավելում է Շահեն Շահինյանը:

Հանձնաժողովը չունի ենթահանձնաժողով, չկան աշխատանքային խմբեր և ավելին, չկա մասնագիտական լայն ներգրավվածություն, ինչը, ըստ քարտեզագրի՝ տարօրինակ է: «Դա այնքան բարդ պրոցես է, ուսումնասիրելու այնքան նուրբ հարցեր կան: Չկան պատմաբաններ, չկան համապատասխան մասնագետներ, որոնք կձևակերպեին աշխատանքի սկզբունքները: Մինչև հիմա մեզ անհայտ է, թե ինչ սկզբունքներով են աշխատանքներն իրականացվելու, և ինչ սկզբունքով է Հայաստանի Հանրապետությունը գնում սահմանազատման՝ արդյոք մենք մեր առաջ դրել ենք սովետական քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու եղանա՞կը, թե՞ փաստացի իրավիճակն ենք հիմք ընդունելու: Մենք այդ մասին ինֆորմացիա չունենք»,- նշում է նա:

Նա ուզում է հույս ունենալ՝ հայկական կողմը բանակցությունների գնալուց առաջ իր համար ձևակերպել է հայկական կողմի դիրքորոշումը, որի մասին դեռ չի հայտարարում: «Ուզում եմ հույս ունենալ, որ այդ դիրքորոշումը 100 տոկոս պրոհայկական է, այսինքն՝ չեն գնում «զիջում՝ հանուն խաղաղության» սկզբունքով»,-նշում է նա:

Երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անկլավների հարցի վերաբերյալ խոսելիս նկատել էր, որ հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցում թափանցիկ է ու հրապարակային և հավելել. «Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ: Եվ ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով մենք չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է»:

Դիտարկմանը, թե գուցե Փաշինյանի այս հայտարարությունն է հայկական կողմի համար ելակետը բանակցությունների մեկնակից առաջ, Շահինյանը արձագանքում է.

«Չեմ կարող վստահ լինել, քանի որ նախկինում էլ պատկան մարմիններից լսել ենք հայտարարություններ, որ, օրինակ՝ ոչ, 77 թվականի քարտեզով սահմանազատում չի արվելու, ավելի ուշ ասացին՝ ոչ, 77 թվականի քարտեզները միակ հիմք ունեցող քարտեզներն են, հետո, երբ մասնագետները սկսեցին խոսել, այդ հայտարարությունները հերքվեցին: Այսինքն՝ այդ հայտարարությունը, որ խորհրդարանում արվել է, ինձ համար գոնե այս պահին հիմնավոր հիմք չէ հույս ունենալու, որ անկլավների զիջման մասին խոսք չի գնալու»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am