ԱՃԹՆ Միջազգային խորհուրդը Հայաստանին շնորհել է բավարարող առաջընթաց ունեցող երկրի կարգավիճակ, որը ամենաբարձր գնահատականն է․ Ավինյան

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Միջազգային խորհուրդը Հայաստանին շնորհել է բավարարող առաջընթաց (satisfactory progress) ունեցող երկրի կարգավիճակ, որն ամենաբարձր գնահատականն է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

2020թ. հուլիսի 9-ի դրությամբ #Հայաստանն ԱՃԹՆ-ի 53 անդամ երկրներից այն 9-ի թվում է, որոնց շնորհվել է այդ կարգավիճակը, ընդ որում, սա մեր առաջին գնահատումն է և միանգամից ամենաբարձր արդյունքն ունենք:

Խորհուրդն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և Բազմաշահառու խմբին՝ #ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում օրինակելի առաջընթացի և ազգային կարևորության խնդիրները քննարկելու, ԱՃԹՆ-ի շրջանակը ընդլայնելու ուղղությամբ իրականացրած ջանքերի համար: ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության հրապարակած հաղորդագրության մեջ Հայաստանը բնութագրվում է որպես «արագ թափով դեպի ավելի մեծ #թափանցիկության» ընթացող երկիր:

Նշեմ, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ հանձնառու է ներդնելու ԱՃԹՆ-ի ստանդարտով պահանջվող լավ #կառավարման սկզբունքները, որոնք առանցքային նշանակություն ունեն հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների համար։ Այդ առումով, Բազմաշահառու խումբն աշխատանք կտանի պահպանելու արդեն գրացված արդյունքները, միաժամանակ կենտրոնանալով ԱՃԹՆ-ի ազդեցության աճի, կանոնավոր բացահայտումների համակարգի զարգացման և հանրային նշանակության խնդիրներն օրակարգում ներառելու համար: