Պարեկային ծառայությունում աշխատելու համար դիմում ներկայացրեց 1000-րդ քաղաքացին

Հեղինակ MediaLab

Նոր ստեղծվող պարեկային ծառայությունում աշխատել ցանկացող քաղաքացիները ոստիկանության կրթահամալիրում շարունակում են ներկայացնել դիմումներ ու փաստաթղթեր։

Օգոստոսի 3-ին կրթահամալիրն ընդունեց 1000-րդ դիմորդին։ 24 տարեկան Դավիթը Երևանից է։ Նա այսօր կատարեց ոստիկանությունում ծառայելու առաջին քայլը։

Փաստաթղթեր հանձնեց նաև Շիրակի մարզից եկած Հասմիկը։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտը պարեկային ծառայությունում աշխատելու համար դիմում ներկայացրած 1001-րդ քաղաքացին է։

Գիտակցում է, որ թեև կնոջ համար ծառայության ընթացքում հնարավոր են նաև դժվարություններ, այդուհանդերձ վճռական է տրամադրված։

1000-րդ և 1001-րդ դիմորդներին ընդունեց ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։ Նա հաջողություն մաղթելով Դավիթին ու Հասմիկին՝ հանձնեց հուշանվերներ ու իր հեղինակային գրքերը։

Հիշեցնենք, որ ոստիկանության կրթահամալիրում շարունակվում է պարեկային ծառայությունում աշխատել ցանկացող քաղաքացիների դիմումների ու փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Այն կշարունակվի մինչև օգոստոսի 7-ը։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։