2019թ. և 2020թ. առաջին կիսամյակի ժողովրդագրական գործընթացներն ու կորոնավիրուսի ազդեցությունը ժողովրդագրական զարգացումների վրա

  1. ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԸ

2020թ․ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2963,0 հազար մարդ՝ 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1,4 հազար մարդով։ 2020թ․ հունվարի 1-ի համեմատ բնակչության թվաքանակն աճել է 3,3 հազար մարդով, որը ձևավորվել է 2020թ․ հունվար-հունիս ամիսներին ձևավորված միգրացիայի դրական ցուցանիշի՝ 1,8 և  բնական աճի՝ 1,5  հազարի հաշվին։  Ընդ որում, 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ, ի տարբերություն 2020թ․ ապրիլի 1-ի, մշտական բնակչության թիվն աճել է 6,6 հազար մարդով։ Պետք է նշել, որ 1991թ. ի վեր առաջին անգամ է Հայաստանում արձանագրվում  միգրացիայի դրական ցուցանիշ, որը պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքով տեղաշարժերի սահմանափակումով և արտերկրից մեր հայրենակիցների վերադարձով:

  1. ԲՆԱԿԱՆ ՇԱՐԺԻ ՑՈւՑԱՆԻՇՆԵՐԸ 2020Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈւՄ

Չնայած ծնունդների բացարձակ թվաքանակի նվազմանը՝ բավականին դանդաղել է անկման արագությունը։ 2020թ․ հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծնունդների բացարձակ թիվը նվազել է 128-ով կամ 0,8 տոկոսով՝ կազմելով 15․893 երեխա։ Միաժամանակ աճել է մահացածների թիվը՝ 693 մարդով կամ 5 տոկոսով՝ կազմելով 14417 մարդ։ Ծնունդների նվազման և մահացությունների թվի աճի հետևանքով նվազել է բնական հավելաճը՝ կազմելով 1476 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնական աճի ցուցանիշը նվազել է 35,7 տոկոսով կամ 821 մարդով։ Պետք է արձանագրել, որ սա Հայաստանի Հանրապետությունում կիսամյակային առումով 1992թ. ի վեր գրանցված բնական աճի ամենացածր ցուցանիշն է: Կարելի է արձանագրել, որ բնական աճի ցուցանիշի վատթարացման հիմնական պատճառ է հանդիսացել մահացությունների թվաքանակի աճը։ Մասնավորապես նոր համավարակից` կորոնավիրուսից 2020թ. ապրիլ-հունիս ամիսներին մահացել է 461 մարդ: 

Համավարակով, ինչպես նաև մարտ, ապրիլ և մայիս ամիսներին առողջապահական և այլ սահմանափակումների հետևանքով մեծ թվով ամուսնություններ (պաշտոնապես գրանցում ստացած) հետաձգվել են: 2019թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ամուսնությունները բացարձակ թվով նվազել են 2148-ով կամ 29 տոկոսով: Պետք է սպասել, որ համավարակային իրավիճակի բարելավմանը զուգահեռ հետաձգված ամուսնությունները կամ կտեղափոխվեն 4-րդ եռամսյակ, կամ 2021 թվականի 1-ին կիսամյակ: 

 2020թ․ հունվար-հունիսին դրական է ամուսնալուծությունների թվաքանակի շարժը, որը  նվազել է 16,7 տոկոսով կամ 299-ով: 

2020թ. հունվար-hունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնական աճի բացասական ցուցանիշ արձանագրած մարզերի թիվն ավելացել է, և Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերին են միացել Գեղարքունիքը, Սյունիքն ու Վայոց Ձորը: Մտահոգիչ է այն փաստը, որ առաջին անգամ բնակչության բացասական աճի ցուցանիշ է արձանագրվել ավանդաբար ծնելիության բարձր ցուցանիշ ունեցող Գեղարքունիքի մարզում: Ընդհանուր առմամբ, բնական աճի ցուցանիշը վատթարացել է բոլոր մարզերում՝ բացի մայրաքաղաք Երևանից և Արագածոտնի մարզից: 2020թ. հունվար-հունիսի տվյալներով՝ հիմնականում Երևանն է նպաստել բնական աճի ցուցանիշի դրական տիրույթում հայտնվելուն, քանի որ ՀՀ 10 մարզերում բնական աճը բացասական է եղել 447-ով, իսկ Երևանում արձանագրվել է բնական աճի 1923 դրական ցուցանիշ: 

Ծնունդների բացարձակ թվաքանակի անկում է գրանցվել հանրապետության ողջ տարածքում՝ բացառությամբ մայրաքաղաք Երևանի, Լոռու և Շիրակի մարզերի, ընդ որում, Երևանում 2020թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն աճել է 7,3 տոկոսով: Ծնունդների թվաքանակի ամենամեծ անկումը գրանցվել է Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում՝ համապատասխանաբար 16, 15, 14 և 11,4 տոկոսով: 

Թեև մայրաքաղաք Երևանն է ապահովել ծնունդների թվաքանակի ամենամեծ աճը, սակայն մահերի աճի առումով այն ևս առաջատար է: 2020թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահերի թիվը Երևանում ավելացել է 10 տոկոսով, որը նաև պայմանավորված է կորոնավիրուսից մահացածներով: Ընդհանուր առմամբ, 2020թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսից 461 մահվան դեպք, որը կազմել է ընդհանուր մահերի 3,2 տոկոսը: 

Աղյուսակ 1. ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշներն ըստ ՀՀ մարզերի և ք․ Երևանի 2019-2020թթ․ հունվար-հունիս ամիսներին

2019 հունվար-հունիս
2020 հունվար-հունիս
ՄարզԾնունդՄահԲնականաճԱմուսնությունԱմուսնալուծությունԾնունդՄահԲնականաճԱմուսնությունԱմուսնալուծությունԲնականԱճի +- % 2019/2020թթ․
ՀՀ16111137902321740617931589314417147652581494-35,7
ք. Երևան63784504187429648576887496419232130773+2,9%
Արագածոտն66862444299616335745920444+25,5%
Արարատ14491189250586125121811863241182-7,8 անգամ
Արմավիր14001119281598103124112132840384-10 անգամ
Գեղարքունիք104692512162556907953-4644058-5,2 անգամ
Լոռի11141309-19554717011271354-22744058+15%
Կոտայք140512451606081591339130336423132-4,4 անգամ
Շիրակ11311279-14850013411601272-11236690-25%
Սյունիք6486381028662623634-1119655-4 անգամ
ՎայոցՁոր23825820103196217240-237620-4 անգամ
Տավուշ634700-6629047541724-18318935+74%

Կորոնավիրուսը և դրա հետևանքով միջազգային տեղաշարժերի սահմանափակումը դրական ազդեցություն են ունեցել նաև  ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի հաշվեկշռի ցուցանիշներում: Չնայած ընդհանուր ուղևորահոսքի հաշվեկշիռը 2020թ. հունվար-հունիս ամիսներին բացասական է 10.683-ով, սակայն ՀՀ փաստաթղթերով մուտքի և ելքի ցուցանիշները դրական են 24.257 մարդով: Սա հիմնականում պայմանավորված է ժամանակավոր աշխատանքային միգրանտների Հայաստանից չմեկնելու և արտերկրից, նաև կորոնավիրուսի հետևանքով վատ իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների վերադարձով: 

Աղյուսակ 2. ՀՀ սահմանային անցման կետերով իրականացված մուտքերի և ելքերի ծավալներն ըստ ընդհանուր և ՀՀ փաստաթղթերի հաշվեկշռի

2011-2020թթ. հունվար-հունիս

ՏարիԸնդհանուր (+-)ՀՀ անձնագրերով (+-)
2011-89868-98148
2012-97159-109405
2013-107977-122191
2014-104190-114966
2015-91424-103875
2016-86694-98902
2017-53912-75015
2018-15695-42182
2019-9857-35549
2020-1068324257
  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ 2019Թ. ՀԻՄՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՑՈւՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆԸ

2020թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դանդաղել է Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակի նվազման արագությունը, որը կազմել է 5575 մարդ կամ -0,20 տոկոս: Պետք է նշել, որ 2015-2016թթ. ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 12․021, 2016-2017թթ.՝ 12․431, 2017-2018թթ.՝ 13․419 մարդով:

Աղյուսակ 4.ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխությունները 2019-2020թթ.

Մարզ2019 հունվարի 12020թ․ հունվարի 1
ԸնդամենըՏղամարդիկԿանայքԸնդամենըՏղամարդիկԿանայք
ՀՀ296526914017311563538295969413970051562689
Երևան10818744996865821881084024500562583462
Արագածոտն12544061270641701247216078063941
Արարատ256688123736132952256570123527133043
Արմավիր263900128035135865263863127857136006
Գեղարքունիք228256113721114535227632113280114352
Լոռի2154719829411717721331596913116402
Կոտայք251609120292131317250909119692131217
Շիրակ233245108570124675231365107283124082
Սյունիք13757466818707561373126660870704
Վայոց Ձոր489702337325597485082307925429
Տավուշ12224257936643061214755742464051

2020թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թվաքանակի նվազման ցուցանիշով առաջատարը Լոռու մարզն է՝ -2156, որին հաջորդում են  Շիրակը՝ -1880, Տավուշը՝ -767, Արագածոտնը՝ -719, Կոտայքը՝ -700 և Գեղարքունիքը՝ -624 մարդ: 

Մշտական բնակչության թվաքանակի դրական փոփոխություն արձանագրվել է միայն մայրաքաղաք Երևանում, որտեղ 1 տարվա կտրվածքով մշտական բնակչությունն աճել է 2150 մարդով: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանն ապահովում է հանրապետության բնական աճի գերակշիռ մասը, շարունակվում է մարզերից բնակչության արտահոսքը դեպի մայրաքաղաք: 

2018թ. ապրիլ-մայիսյան քաղաքական փոփոխությունները դրական են ազդել ծնունդների թվաքանակի շարժի վրա: Արտագաղթի տեմպերի նվազումը, ապագայի հանդեպ լավատեսությունը, մասնավորապես վերարտադրական ակտիվ տարիքի մարդկանց մոտ, էականորեն բարելավել են ծնելիության ցուցանիշները և նպաստել  անկման դանդաղեցմանը: 

Եթե 2016-2017թթ. ծնունդների բացարձակ թիվը Հայաստանի Հանրապետությունում նվազել է 2892-ով, 2017-2018թթ.՝ 1126-ով, ապա 2018-2019թթ.՝ 533-ով կամ 3,2 տոկոսով: 2019թ․, ի տարբերություն 2018թ․,  ծնունդների աճ է արձանագրվել 3-րդ, 4-րդ, 5-րդ և հաջորդ երեխաների կարգաթվերում համապատասխանաբար՝ 537, 174 և 19 դեպքով: Այս ավելացումը մեղմել է 1-ին և 2-րդ երեխաների կարգաթվերում արձանագրված անկումը, որը 1 տարվա կտրվածքով կազմել է՝ 810 և 453 երեխա:  

Աղյուսակ 5.Ծնվածների բաշխումն ըստ ծննդի հերթականության 2015-2019թթ.

ՏարիԸնդամենը%Առաջին%Երկրորդ %Երրորդ%Չորրորդ%Հինգերորդ և ավելի%
20154176310017971431585038649815,510592,53850,9
2016405921001771143,61503237645415,810402,53550,8
20173770010015071401423437,7686518,2113333971,1
2018365741001449239,61381137,8681718,610863,03681
2019360411001368237,91335837,1735420,412603,53871,1

Երեխաների առաջին և երկրորդ կարգաթվերի նվազման հիմնական պատճառը 2012թ. սկսած ամուսնությունների թվաքանակի նվազումն է, որն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ ակտիվ վերարտադրողական տարիքի մարդկանց թիվն անշեղորեն նվազում է: Այս միտումը մոտակա տարիներին ավելի գերակա է դառնալու, քանի որ ամուսնական տարիք է մուտք գործելու 1990-ականների երկրորդ կեսին ծնված սերունդը: 

2019թ. ծնունդների թվաքանակի տեմպերի նվազմանը զուգահեռ բարելավվել են 1000 կնոջ հաշվով տարեկան ծնվածների միջին թվաքանակի ցուցանիշները: Պետք է նշել, որ վերարտադրողական տարիքում գտնվող կանանց ծնելիության ցուցանիշները բարձրացել են բոլոր տարիքային խմբերում՝ բացառությամբ 20-ից ցածր տարիքային խմբի կանանց:

20 տարեկանից ցածր տարիքային խմբում ծնվածների միջին թվաքանակը 1000 կնոջ հաշվով  2018թ. 19-ից 2019թթ. իջել և հասել է 16,8-ի: Ընդ որում, գյուղական բնակավայրերում 20 տարեկանից ցածր տարիքային խմբի կանանց ծնելիության ցուցանիշը մոտ 2 անգամ գերազանցում է քաղաքայինին: 

20-24 և 25-29 տարիքային խմբերում 1000 կնոջ հաշվով ծնելիության հաճախությունը 2018-2019թթ. ընթացքում աճել է: Սակայն այս տարիքային խմբում քաղաք-գյուղ կտրվածքով գոյություն ունեն որոշակի տարբերություններ: 20-24 տարիքային խմբում ծնելիության հաճախությունը գյուղական բնակավայրերում ավելի արագ է աճել, քան  քաղաքային բնակավայրերում:

25-29 տարեկան կանանց ծնելիության հաճախության ցուցանիշները ևս աճել են, և այն արձանագրվել է թե´ քաղաքային, թե´ գյուղական բնակավայրերում, սակայն 25-29 տարեկան գյուղական բնակավայրերի կանայք  ծննդաբերած երեխաների թվաքանակով  բավականին զիջում են  իրենց քաղաքային տարեկիցներին:  

Աղյուսակ 6. Ծնելիության տարիքային գործակիցներն ըստ համապատասխան տարիքային խմբի

1000 կնոջ հաշվով 2018-2019թթ.

ՏարիԾնվածների միջին թվաքանակը տարեկան 1000 կնոջ հաշվովԾնելիությանԳումարայինԳործակից
20-ից ցածր20-2425-2930-3435-3940-4445-4915-49
2018թ.-Ընդամենը19,0109,298,257,025,55,10,548,51,572
Քաղաքային13,5103,8110,967,729,56,30,650,5
Գյուղական27,4116,877,742,817,12,60,245,1
2019թ.-Ընդամենը16,8110,6100,659,126,25,90,548,21,599
Քաղաքային 11,9103,7113,366,529,87,10,849,7
Գյուղական24,4120,380,845,718,93,50,145,6

Աճ է արձանագրվել նաև 30-34 տարեկանների խմբում: Պետք է նշել, որ այդ խմբում աճն ապահովվել է գյուղական ծնելիության ավելի մեծ հաճախության շնորհիվ: Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ գյուղական բնակավայրերում ծնելիության հաճախությունը բարելավվել է, սակայն դեռևս զիջում է  քաղաքային ծնելիության հաճախությանը:

Զգալի է նաև ծնելիության հաճախության վարչա-տարածքային տարբերությունները: Պետք է նշել, որ ծնելիության գումարային գործակցի միջին հանրապետական՝ 1,599-ից բարձր ցուցանիշներ են արձանագրվել միայն մայրաքաղաք Երևանում, Արարատի, Կոտայքի և Լոռու մարզերում համապատասխանաբար՝ 5,5, 1,3 և 1,1 և 1,2 տոկոսային կետով: Հանրապետական միջինից համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում՝ 4,2, 4,1 և 6,1 տոկոսային կետով: 

Հաջորդ խմբում են հայտնվել Արագածոտնի և Արմավիրի մարզերը՝ միջին հանրապետականից ցածր՝ 7,6 տոկոսային կետով: 

Իսկ ամենավատ ցուցանիշներն արձանագրվել են Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում՝ 16,6 և  17,3 միջինից ցածր տոկոսային կետերով: 

2018թ. տվյալներով՝ ծնելիության հաճախության ամենամեծ անկումն արձանագրվել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում: Մասնավորապես ամենածնունակ՝ 20-24, տարեկան կանանց խմբում ծնելիության հաճախությունները 2019թ., ի տարբերություն 2018թ., նվազել են համապատասխանաբար՝  11,2 և 16,2 տոկոսային կետով: 

2019թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63,8%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21,5%-ը՝ աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), 14,7՝ աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: ՀՀ 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 566 մարդ (230 տարեց և 336 0-15 տարեկան երեխա): 

Ի տարբերություն 2019թ. տարեսկզբի՝  2020թ. տարեսկզբին ՀՀ աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան) նվազել է 0,6 աշխատունակ տարիքից ցածր (0-15) բնակչության տոկոսն անփոփոխ է: Միաժամանակ աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչության թիվն աճել է 0,6 տոկոսով: Ընդհանուր առմամբ, ծնունդների թվաքանակի անկումը և բացասական միգրացիոն սալդոն էլ ավելի են արագացնում Հայաստանի բնակչության ծերացման գործընթացը: 

2019թ., ի տարբերություն 2018թ., բարելավվել է ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը․ 2019թ. հունվար-հունիսին 110,2 տղա՝ 100 աղջկա դիմաց: 2018թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 110,3 տղա՝ 100 աղջկա դիմաց: 

Հոդվածի պատրաստման համար օգտագործվել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի 2020թ․ հունվար-հունիսի հրապարակությունը, ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, www.armstat.am/file/article/sv_06_20a_520.pdf։

Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, պ․գ․թ, ժողովրդագիր

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)