ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է ՄԻՊ աշխատակազմի կողմից

Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։ Այդ մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Ըստ աղբյուրի, ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են ստացվել մի շարք ահազանգեր։

Հաշվի առնելով ահազանգերը եւ սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության Մալաթիայի, Արաբկիրի եւ մյուս այն բաժիններ, որտեղ կան բերման ենթարկվածներ:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին: