Նիկոլ Փաշինյան. Անդամագրվեի ՀԱԿԿ-ին՝ գնայի Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում աղոթեի՞

Նիկոլ Փաշինյան. Անդամագրվեի ՀԱԿԿ-ին՝ գնայի Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում աղոթեի՞
Նիկոլ Փաշինյան. Անդամագրվեի ՀԱԿԿ-ին՝ գնայի Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում աղոթեի՞

ՀԱԿԿ հիմնադիր համագումարի օրերին լրագրողներից բազմաթիվ հարցեր եմ ստացել, թե ինչու չեմ մասնակցել համագումարին։ Անկեղծ խոստովանում եմ՝ դիտմամբ այդ հարցերին չեմ պատասխանել, որովհետեւ ՀԱԿԿ-ն նախընտրական քարոզչության մեջ էր, չէի ուզում որեւէ խոսակցության մեջ ներքաշվել, որը ոմանց հնարավորություն կտար ինձ մեղադրել հետագա ձախողումների համար։ Հիմա, սակայն, երբ ամեն ինչ անցյալում է, ինքս էլ խոստացել եմ, որ որեւէ հարց անպատասխան չեմ թողնելու, պարզաբանեմ. 

ՀԱԿԿ հիմնադիր համագումարին մասնակցելու պաշտոնական հրավեր ստացած եմ եղել։

Համագումարի նախորդ օրը, սակայն, կրկին պաշտոնապես ինձ տեղեկացրել են, որ հրավերը չեղյալ է արվում, եւ որ իմ մասնակցությունը համագումարին ցանկալի չէ։ Սա էլ՝ ողջ պատմությունը։ Գիտեմ, հարց է ծագելու, եթե չեղյալ չանեին, կգնայի՞։ Չեմ կարող ասել, հրավերը չեղյալ անելու պահին վերջնական որոշում չունեի։ Ի դեպ, ՀԱԿԿ անդամ դարձած մի շարք սիրելի մարդիկ, որոնց հետ իմ անցած ճանապարհը թանկ է եւ արժեքավոր, հարցնում էին, թե ինչու չեմ անդամագրվել ՀԱԿԿ-ին, համոզում էին անդամագրվել։

Այն ժամանակ նման հարցադրումներին լռությամբ էի պատասխանում՝ որեւէ բանի չխանգարելու համար, բայց հիմա կարող եմ ասել, անդամագրվեի, որ ի՞նչ անեի։ Անդամագրվեի գնայի՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի հետ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում աղոթեի՞։ Անկեղծ ասած, Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հետ աղոթելու մասին երբեք չեմ երագել։ Ի դեպ, նույն շրջանակները ժամանակ առ ժամանակ թեմա են շրջանառում, թե բա գիտեք, բարոյականությունը, քաղաքական տրամաբանությունը ենթադրում են, որ Նիկոլը, որ պատգամավոր է դարձել ՀԱԿ համամասնական ցուցակով, պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից, որովհետեւ ՀԱԿԿ պաշտոնական գծի մեջ չէ։

Մեր մեջ ասած բարոյականությունն ու քաղաքական տրամաբանությունը հուշում են, որ մանդատից պետք է հրաժարվեն նրանք, ովքեր Հայ ազգային կոնգրես դաշինքի շնորհիվ պատգամավոր են դարձել, հետո դավադրաբար կազմաքանդել ՀԱԿ-ը ու վերջինիս տված մանդատներն օգտագործում են Մարտի 1-ի դերակատարներին ինդուլգենցիաներ բաժանելու համար։ Ինչ վերաբերում է ինձ, ինչպես նախորդ մեկ տարում, այնպես էլ սրանից հետո՝ ԱԺ պատգամավորի մանդատս ծառայեցնելու եմ Հայաստանի ու նրա քաղաքացու շահերին։ Ու այս գործում ինձ, բարեբախտաբար, չի կարող խանգարել ոչ ոք. առնվազն մինչեւ հաջորդ ընտրություններ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/06/251700/ 

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից