Շատ հայերի հետ միասին, մեծ ցավ ապրեցի` լսելով մեր ժամանակի անվանի գրող Վրեժ Իսրայելյանի ինքնասպանության մասին: Կրկնակի ցավ ապրեցի, երբ նկատեցի, թե որքան Է մեծ այն մարդկանց թիվը, որոնք համարում են այդ որոշումը ճիշտ և մտածում են, որ կդիմեին նույն քայլին նման պարագայում:
Նախ, ուզում եմ հստակ ասել, որ ես չեմ դատապարտում Վրեժ Իսրայելյանի որոշումը (ինչպես նաև հավանություն չեմ տալիս), որովհետև, մի կողմից, չգիտեմ նրա որոշմանը նպաստող բոլոր հանգամանքները, և, մյուս կողմից, ինձ իրավունք չեմ վերապահում քննադատել ուրիշի անձնական որոշումները, առավել ևս, երբ կարելի է պատկերացնել, որ Վրեժ Իսրայելյանը բնավ մակերեսորեն չի մոտեցել իր որոշմանը:
Ուզում եմ արտահայտել իմ կարծիքը, քանի որ երկար տարիներ զբաղվել եմ այս հարցով, կատարել բազմաթիվ ուսումնասիրություններ, հետևել շատ-շատերի առողջությանը, ինչպես նաև հիվանդության և առողջացման ընթացքին:
Չեմ ուզում քննարկել, թե արդյոք ինքնասպանությունը ուժեղ մարդու որոշում է, թե ոչ, քանի որ կարծում եմ, որ միայն այն մարդը կարող է հստակ համոզված լինել իր կարծիքի մեջ, ով երկու տարբերակն էլ իրականացրել է, հետևաբար կարող է համեմատել և ասել, թե որ որոշումն էր ավելի դժվար:
Հակառակ դեպքում` դրանք ենթադրություններ են: Փոխարենը ուզում եմ թվարկել կետեր հատուկ էն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ կվարվեին նույն կերպ: Միշտ կարևոր է հիշել, որ բժիշկները բոլորիս նման մարդիկ են և բոլորիս պես երբեմն կատարում են սխալներ: Ընդ որում, ոմանք «սխալ» ախտորոշումը կայացնում են դիտավորյալ:
Ի դեպ, նմանատիպ դեպքերը միայն Հայաստանին չեն բնորոշ: Հետևաբար, դժվար առողջական հանգամանքների կամ ընտրության դեպքում, շատ ցանկալի է հայցել երկրորդ, և նույնիսկ երբեմն երրորդ և այլն, բժիշկների կարծիք: Սա շատ կարևոր է, քանզի նախնական ախտորոշումները կարող են և ժխտվել: Երբեմն, նույնիսկ ամենածանր դեպքերում և հիվանդության ամենազարգացած փուլում, սպոնտան (այսինքն` առանց միջամտության) բուժում է տեղի ունենում: Ավելի շատ լավացման դեպքեր են հայտնի, երբ հիվանդն անցնել է կոմպլեքսային բուժում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/17/255436/