«Անձը, որն այդպիսի սկանդալի մեջ է ներգրավված, պետք է անմիջապես ինքնակամ հրաժարական տա». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

Պարո՛ն Նավասարդյան, հասարակական մի քանի կազմակերպություն պահանջում են, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական ներկայացնի հայտնի ձայնագրության հանրայնացումից հետո: Արդարացի՞ պահանջ է ՀԿ-ների պահանջը: Ի՞նչ կարող եք ասել ձայնագրության առումով:

– Ե՛վ ծառայողական, և՛ օրենքի տեսանկյունից պետք է հարցն ուսումնասիրվի, և վարչարարական որոշումներն ընդունվեն ըստ այդմ, բայց կա նաև երկրորդ հարցը, որը կապված է հանրային բարոյականության հետ:

Այսինքն՝ անձը, որն այդպիսի սկանդալի մեջ է ներգրավված, պետք է մեր պաշտոնյաների շրջանում սովորություն լինի, պետք է անմիջապես ինքնակամ հրաժարական տա, որովհետև նման միջադեպից հետո, որքան էլ համարենք, որ այն մեզանում տարածված երևույթ է, հանրության շրջանում տպավորություն է ստեղծվում, որ նման կարգի վարքագիծը նորմալ է, և որևէ դրական փոփոխություն, տվյալ դեպքում՝ արդարադատության ոլորտում, չի կարող լինել:

Այսինքն՝ այս դեպքում տարբեր տեսակի պատասխանատվություն կա և՛ ծառայողական, և՛ օրենքի առջև, և՛ բարոյական: Ու եթե առաջին երկուսի տեսանկյունից որոշումը կարող է հետաձգվել, մինչև բոլոր հանգամանքները պարզվեն, ապա բարոյական առումով որոշումը պետք է անմիջապես կայացվեր, ու կայացնողը տվյալ անձը պետք է լինի:

 – Կարծում եք, որ ձեր նշած քննությունների ավարտից հետո Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնա՞նկ կարվի:

– Ինձ համար դա արդեն երկրորդական հարց է, որովհետև անվիճելի է, որ ձայնագրության տարածմանհենց հաջորդ պահին պաշտոնյան պետք է ինքնակամ հրաժարական տար, իսկ մնացածն արդեն կախված է կոնկրետ գործից, թե ինչպիսի արդյունք կտան տարբեր հետաքննությունները: Ինձ առաջին հերթին հետաքրքրում է, որ մեր պաշտոնյաներն այնքան պատասխանատու լինեն, որ երբ ակնհայտ է իրենց վարքագծի բացասական ազդեցությունը հանրային բարոյականության վրա, առանց մտածելու հրաժարականի դիմում ներկայացնեն:

Պարո՛ն Նավասարդյան, իսկ միջադեպի մասով իշխող ուժի մեկնաբանություններն ինչպե՞ս եք գնահատում

– Առաջին անգամ չէ, որ մենք տեսնում ենք, որ իշխող քաղաքական ուժն ընդհանրապես խուսափում է սկզբունքային գնահատականներից, երբ խոսքը վերաբերում է այն պաշտոնյային, որն իրեն ձեռնտու է, իսկ մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ՔՊ-ի ու կառավարության ղեկավարության համար Գագիկ Ջհանգիրյանը շատ կարևոր ֆիգուր է, որն արդարադատության ոլորտում իրենց ուզած քաղաքականությունն է իրականացնում:

Գնահատական հնչեցնելու վերաբերյալ հրաժարվելը, լրագրողների հարցերին այդ անորոշ պատասխանները հերթական անգամ խոսում են այն մասին, որ հեղափոխության օրերին հայտարարված սկզբունքներն այսօր բոլորովին չեն կարգավորում մեր իշխանությունների գործողությունները, պաշտոնյաները բացարձակապես չեն ղեկավարվում այդ սկզբունքներով:

Մի կարևոր պահ էլ կա, որը պարտադիր էլ չէ, որ մենք տեսնեինք, բայց բուն Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրենց շփումներում պետք է Գագիկ Ջհանգիրյանին ցույց տային, որ իրենց համար անընդունելի է այս սկանդալից հետո համատեղ աշխատանքը: Նորից եմ ասում, միգուցե դա հանրության համար չերևացող լիներ, բայց որ դա պետք է դրսևորվեր, իսկ ես կասկածում եմ, որ դրսևորվում է, հստակ է:

Ստացվում է, որ կրկին գործ ունենք ընտրովի արդարադատությա՞ն հետ:

– Երևի, առայժմ այնպիսի պատկեր ունենք, որ մեր պաշտոնյաների բարեվարքության խնդիրը շատ լուրջ հարց է ու որևէ լուծումչի ստացել, բնականաբար, նման սկանդալները բավական հաճախ են լինում, ու որևէ դեպքում մենք համարժեք արձագանք ու լուծում չենք տեսել: Այն պաշտոնյաները, որոնք քաղաքական նեղ շահերի առումով բավարարում են մեր ղեկավարությանը, նրանց ամեն ինչ թույլատրելի է:

Կոնկրետ դեպքի հետ կապված հանրության արձագանքը, ՀԿ-ների դիմումները իշխանության որոշման վրա կազդե՞ն:

– Եթե ճնշումը շատ հուժկու լինի՝ միգուցե և ազդի, բայց մենք հասկանում ենք, որ այսօրվա տվյալներով՝ իշխանության համար առաջնահերթ կլինի քաղաքական նպատակահարմարությունը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am