Սևանա լճի ափին նորակառույցի շինարարությունը դադարեցվել է․ Ահազանգի հետքերով

Շրջակա միջավայրի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատեր իր էջում տեղեկատվություն էր տարածել, թե Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1֊ին փողոց 83/3 հասցեում՝ Սևանա լճի ափին գտնվող նորակառույցում շինարարություն է իրականացվում։

Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 26֊ին՝ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ֊ի պահպանության բաժնի և Սևանի մասնաճյուղի աշխատակիցներն արձանագրել են, որ սույն շինարարությունն իրականացվել է ազգային պարկի ենթակա տարածքում՝ առանց բնապահպանական փորձաքննության։

Թեև տարածքի վարձակալն ունեցել է համայնքի կողմից տրամադրված շինարարության թույլտվություն, սակայն հաշվի առնելով պարտադիր բնապահպանական փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը՝ «Սևան» ազգային պարկը» համապատասխան ծանուցմամբ տեղեկացրել է շինության սեփականատիրոջն առկա անհամապատասխանության մասին։ ՇՄԱԳ փորձաքննության ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի համաձայն՝ ԲՀՊՏ֊ներում իրականացվող ցանկացած գործունեություն ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության։

Ելնելով վերոգրյալից, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով, օրենքով սահմանված կարգով շինարարությունն անհապաղ դադարեցվել է։

Այս պահին վերոհիշյալ հասցեում որևէ աշխատանք չի իրականացվում։Համապատասխան արձանագրությունը կցված է հրապարակմանը։

✅ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է❗Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատեր իր էջում տեղեկատվություն էր տարածել, թե Շողակաթ…

Posted by Davit Grigoryan on Saturday, August 29, 2020