Տեխնիկական վերազինում Եղվարդում․ ներդրումը կազմում է ավելի քան 56 միլիոն դրամ. ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից շարունակվում է «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի շրջանակում զարգացվում են Հայաստանի միավորված համայնքների կարողությունները՝ սեփական ներուժով տեղական նշանակության խնդիրներին լուծում տալու համար: 

Վերը նշված ծրագրի ներքո իրականացվում է Կոտայքի մարզի Եղվարդ միավորված  համայնքի «Գյուղատնտեսության աջակցություն և կոմունալ ծառայությունների բարելավում» ենթածրագիրը, որի շրջանակներում համայնքը ստացել է թրթուռավոր բուլդոզեր՝ տասներորդ քարշակ դասի, խորքային փխրեցուցիչով։ Այս տեխնիկան տրամադրվել է ըստ համայնքի ներկայացրած հայտի։ 

Եղվարդի Բուժական բնակավայրում, օրինակ, այն խիստ հարկավոր է հատկապես ձմռանը, քանի որ առատ տեղումներից հետո ճանապարհները հնարավոր է լինում անցանելի դարձնել բացառապես թրթուռավոր տեխնիկայով, բուլդոզերը ինտեսնիվ կշահագործվի նաև ճանապարհների հարթեցման, ջրահեռացման, և այլ աշխատանքներում։ 

Տեխնիկայի ձեռք բերման համար Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով`ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ ներդրվել է 56 միլիոն 150 հազար դրամ:

Այս մասին տեղեկացնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը: