Արցախի նախագահի հանդիպումը Բերքաձորի բնակիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և հանդիպել բնակիչների հետ:

Երկրի ղեկավարը նախ ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուց Բերքաձոր տանող ճանապարհի՝ օրերս սկսված և ավարտման փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին, ապա զրուցել բերքաձորցիների հետ համայնքում առկա խնդիրների մասին:

Նախագահ Հարությունյանը համայնքի բնակիչներին շնորհավորել է  Արցախի Հանրապետության օրվա առթիվ և ընդգծել, որ բարձրացված բոլոր հարցերը հավուր պատշաճի կքննարկվեն, և ըստ առաջնահերթությունների կտրվեն համապատասխան լուծումները:

Հանրապետության նախագահին ուղեկցում էր քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Այդ մասին տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։