«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ է շնորհել հայ երիտասարդներին՝ արտասահմանի լավագույն համալսարաններում կրթություն ստանալու համար

Սեպտեմբերի 8-ին Օշականի մշակույթի պալատում տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի 2020 թ. կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը:

Կրթաթոշակային ծրագիրը, որի հիմքում կրթության միջոցով մարդկային կապիտալի զարգացումն է, «Իմ քայլը» հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկն է։ Ներկայումս 45 երիտասարդ հնարավորություն ունի ուսանելու իր մասնագիտությամբ աշխարհի լավագույն բուհերում՝ Հայաստան վերադառնալու և սովորածը հանուն Հայրենիքի զարգացման ներդնելու պարտադիր պահանջով:

Կրթաթոշակները տրամադրվել են դիմորդների հայտադիմումի, դրան կցած փաստաթղթերի և ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքների ամփոփումից հետո:

Հիմնադրամը ֆինանսավորում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններով (գյուղատնտեսություն, անասնաբուժություն, առողջապահության կառավարում, բժշկություն, տվյալագիտություն, վիճակագրություն, քաղաքաշինություն և այլն) ուսուցումը:

«Կթաթոշակային ծրագրի կայացման համար երկու տարի շարունակ ջանք չենք խնայել: Այս ընթացքում հաջողել ենք ծրագրին հաղորդել թափանցիկություն, ապահովել վստահության շեմի բարձրացում, մշակել ու կարգավորել ողջ ընթացակարգը՝ կրթաթոշակի հայտարարումից մինչև վերադարձ Հայաստան: Ծրագրի արդյունավետության բարձրացման գործընթացը լինելու է շարունակական։ Ընդամենը երեք տարվա ընթացքում մենք ձևավորել ենք կրթաթոշակառուների համայնք. շուրջ 100 մասնագետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեծ փոփոխության ալիք բերել իր ոլորտում:

Շատ ուրախ եմ, որ հետզհետե փոխվում է Հայաստանի երիտասարդության պատկերացումները պահանջված մասնագիտություների մասին: Այո,՛ մեզ պետք են երկիր կառուցող անհատներ, առաջատար մասնագետներ՝ բժիշկներ, շինարարներ, գյուղատնտեսներ, տվյալագետներ, անասնաբույժներ, ճարտարագետներ և այլն:

Սիրելի՛ կրթաթոշակառուներ, դուք ներդրում եք անում ինչպես ձեր անհատական կայացման, այնպես էլ՝ պետության զարգացման գործում: Այսօր Հիմնադրամի բարերարների ու պետական աջակցության շնորհիվ ունենք եզակի հնարավորություն կյանքի կոչելու ձեր ու մեր երազանքը։ Բարի երթ, բարի վերադարձ», -իր խոսքում ասել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։