Առաջարկությունների մեկական տաղավար է տեղադրվում յուրաքանչյուր վարչական շրջանում

Առաջարկությունների մեկական տաղավար է տեղադրվում յուրաքանչյուր վարչական շրջանում
Առաջարկությունների մեկական տաղավար է տեղադրվում յուրաքանչյուր վարչական շրջանում

Քաղաքացիներին Երևանի զարգացման ծրագրերում ներգրավելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած հերթական ծրագրի՝ առաջարկությունների տաղավարների տեղադրման աշխատանքներն ավարտին են մոտենում։ Այս օրերին հատուկ տաղավարներ են դրվել նաև Նուբարաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն վարչական շրջանների կենտրոնական վայրերում։ 
«Հետաքրքիր արդյունքներ ենք ակնկալում։ Ակնկալում ենք նաև քաղաքացիների ակտիվացում, քանի որ սա առաջարկություններ հղելու հեշտ եղանակ է. որևէ մտահղացում առաջարկելու համար կարիք չի լինի, որ քաղաքացին այցելի Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում գործող Մեկ պատուհան, այլ կարող է հենց իր բնակության վայրին մոտ այս տաղավարներում թողնել նամակը. վստահեցնում եմ՝ քաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկությունները քաղաքապետին կհասնեն, լավագույն առաջարկները կքննարկվեն հեղինակի մասնակցությամբ», – նշել է քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում առաջին տաղավարները տեղադրվել էին Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք, Ավան և Կենտրոն վարչական շրջաններում։ 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն